Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Սպասավորն․ — Քավ լիցի, բայց քիչ մը հուզված եք։

Իպոպտոս. — Ի՞նչ հարկ կար ստիպել զիս, անպիտան, որ իմ բացակայությանս միջոցին հոս եկող հյուրի մը գրպաններն խուզարկեի, (առ հյուրն) (կը խնդրեմ, մի՛ կարծեք թե ձեզ կ՝ակնարկեմ այս խոսքերովս) և խնդրեի հյուրիս, որ գրպաններն պարպեր և գողցած նյութերն ինձ հանձներ, ի՞նչ պետք կար այս արարողությանց դիմելու, պատասխան տո շո՛ւր, գետինն անցնիս։ (Հյուրն այս միջոցին գրպաններն կը պարպե և Իպոպտոս քովնտի նայվածքով ուշադրությամբ կը դիտե հյուրին գրպանեն հանած իրերն)։ Ըսե՛, ինչո՞ւ համար հրամաններս ճշտությամբ չես կատարեր։

Հյուրն. — Ձեր բարկության միջոցին չուզեցի խոսքով պատասխանել ձեր ծանր ակնարկությանց...։

Իպոպտոս. — Ծա՞նր ակնարկություն... կարծեմ հրամանքնիդ կ՝ուզեք, որ տունս կարասիներովն և արծաթեղեններովն ձեզի հանձնեմ և ելնեմ երթամ, հրամմեցեք, առեք բանալիներն ալ։

Սպասավորն. — Ասանկ պատվավոր հյուր մը կը զիջանի՞ բարեկամաց տունեն արծաթեղեն գողնալ։

Իպոպտոս. — Ի՝նչ հարկ կստիպե զքեզ քեզի դրամ, ապրուստ, հագուստ, բնակարան տվող տիրոջդ հակառակ խոսելու և օտարականի մը տեր ելնելու, լի՛րբ։

Հյուրն. — (Երգիծաբանությամբ) Որովհետև գողությունն մեկտեղ ըրինք և ձեր արծաթեղեններն կեսվակես մեր մեջ բաժնեցինք...:

Իպոպտոս. — Կաղաչեմ, կատակն ալ ունի յուր ժամանակն, և դուք իրավունք չունիք դիս ծաղրելու, մանավանդ սպասավորիս առջև: (Առ սպասավորն) Կորսվե, աչքերս մեյ մալ չտեսնեն զքեզ: (Առ սպասավորն, որ երթալու վրա է) հոս եկուր, չելնես վարեն բան մը վերցնես ու փախչիս։

Հյուրն. — Շնորհակալ եմ ձեր ըրած ընդունելութենեն որուն հիշատակն երբեք չպիտի մոռնամ (Թաշկինակով ճակտին քրտինքը կը սրբե):

Իպոպտոս. — Շնորհակալության բան չկա (Թաշկինակն դիտելով) այդ թաշկինակն ո՞րքան կը նմանի իմիններուս։