Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իպպոս — Կաղաչեմ ձեզի, սա գործը շտկեցե՛ք։

Ծիծաղ — Անհոգ եղի՛ր։

Բարոյական — Ուրիշի ապրանքն չուրացնելն բնավ աղեկ հետևանքներ չունենար։ Դրամագլուխն իբրև դրամագլուխ և փոխառությունն իբրև փոխառություն նշանակվելու են։


ՓԱՅՏՅԱ ՄԱՐԴՆ ԵՎ ՂԵԿՆ

Բարեկամնե՛ր, մի՛ կարծեք, թե գործին գլուխը գտնվողներն են միշտ գործին ուղղություն տվողներն, շատ անգամ ամենեն ետքը կայնողներն են, որ կը կառավարեն։


Ծովայիններն սովորություն մունին նավերուն առաջակողմն փայտյա առյուծ, կատու կամ ուրիշ կենդանի մը դնելու։ Այս սովորության համեմատ եռակայմ նավու մը ճակատը դրված էր փայտյա մարդ մը։ Այս կենդանին կը կարծեր, թե նավուն առաջնորդություն ընողն ինքն էր, և կը պարծենար ամենուն քով ըսելով. «Տեսե՛ք, ինչպես կ՝առաջնորդեմ ջրույն վրա սահող այս քաղաքին, ուր որ երթամ ետևես կուգա, ես եմ, որ կը պահպանեմ զայն ժայռերե, եթե ես չլինեի՝ չատոնց ընկղմած էր կամ կոհակներե կամ ժայռերե և կամ ցամաքն իյնալե»։ Աղեկությունն հոն է, որ պարծենկոտներն շուտ կը պատժվին։ Հյուսիսային սոսկալի մրրիկ մը կը բրդի, ղեկն ալիքներու բախման չկրնալով դիմադրել կը կոտրի և եռակայմ նավն ժայռերու զարնվելով՝ կտոր-կտոր կըլլա, նույնիսկ փայտյա մարդուն ոտները, ձեռներն ջարդ ու բուրդ կըլլան։


Բարոյական — Քիչ մարդեր կան, որ գործի մը գլուխն իբրև զարդ դրված լինելով իրենք զիրենք խիստ մեծ կը կարծեն, և չեն գիտեր, թե նավն է, որ զիրենք հառաջ կը տանի և ղեկն է, որ առաջնորդություն կ՝ընե իրենց։ Ինչո՞ւ սակայն փայտյա մարդ դնել նավերուն ճակատը... մսեղեն մարդերու պակասությո՞ւն կա միթե... մեղք չէ՞ փայտերուն... մանավանդ ձմեռը։