Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսնե և անոնց մեջ ընտրություն մը չկրնար ընել։ Վերջապես յուր ծանոթներեն միույն կը դիմե օր մը և աղջկան մը վրա տեղեկություն կը խնդրե։ Ծանոթն՝ պատվական և ազնիվ մարդ՝ կը խոսի աղջկան պարկեշտությունն, ամոթխածությունն, բարի վարքն, ազնիվ զգացումներն, ուսմունքն երկարորեն պատմելով։ Իպոպտոս կառաջարկե յուր ծանոթին սուրբ գրքի վրա երդում ընել, թե ինքն բնավ շահ մը չակնկալեր այդ աղջիկեն և տված տեղեկություններն անկեղծ սրտե կը բխին։ Ծանոթն կ’ընդունի այս առաջարկությունն։ Իպոպտոս կը հարցնե անոր․ «Ուսկի՞ց կրնանք ուրեմն ճիշտ և ստույգ տեղեկություններ առնել այս աղջկա նկատմամբ»։ Եթե երբեք կարգվի Իպոպտոսն ամենեն առաքինի աղջկան մը հետ՝ պիտի ըսե պսակեն անմիջապես ետքը․ «Կարծեմ թե պսակի ատեն մատնեց զիս այս կինը, և ես մեծ անխելքություն ըրի ուրիշի խոսքին հավատալով՝ ասանկ կին մը առնելուս համար։ Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ։

Երկար կըլլա մի ըստ միոջե պատմել Իպոպտոսի մեն մի գործն, ուստի վերջացնելու համար յուր նկարագիրն՝ կը հավելունք միայն, թե երբ մարմնապես հիվանդ ըլլա, բժշկի մը դիմե և դեղահատներ տրվին իրեն՝ այդ դեղահատներն նախ սպասավորին կլլեցնել կուտա և հետո ինքը կը կլնե։

Պատճառագիտություն: Կասկածոտությունն հառաջ կուգա այն տպավորութենե, զոր կ՝ընդունի ուղեղն երբ ախտավորն յուր պատանեկության մեջ մեկ երկու անգամ ենթակա ըլլա խաբեությանց։ Այդ տպավորությունն ուղեղին մեջ միշտ նկարված մնալով՝ կը հարկադրե ախտավորն ծայրահեղ զգուշություններ ձեռք առնել անգամ մ՝ալ չխաբվելու համար։ Ախտավորն վստահելի անձ մը տեսած չլինելով՝ կասկածոտությունն հակակշռող զորություն մը չգտներ յուր ուղեղին թելերուն և ոչ միույն մեջ և, հետևապես, ամեն մարդ կասկածելի կերևա յուր աչաց։

Կանխավճիռ: Կասկածոտությունն մահացու ախտ մը չէ․ թեև շատ անգամ բանականութենեն կը զրկե ախտավորն՝ որ յուր կորուսած ձին անոր ասոր բաճկոնին գրպաններուն մեջ իսկ կը փնտրե, և սակայն կանհետի, եթե կասկածոտն հաճի դեղ ընդունիլ։