Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բույժ: Կասկածոտին համար մարդափոխությունն անհրաժեշտ է։ Պետք է մայրաքաղաքեն հեռացնել զայն և գյուղ մը տանիլ և տարի մը հովվական կյանքի վարժերնել։ Opium և aconitum կարող են ջնջել ուղեղին այդ վնասակար տպավորությունն։ Սույն երկու դեղերն փորձած եմ քանի մը հիվանդներուս վրա և գոհացուցիչ արդյունքներ տեսած եմ։


ՆԵՂՍԻՐՏՆ

Սահման: Նեղսրտությունն ախտ մէ, որով հիվանդն կը կարծեք թե ամեն մարդ և ամեն իր համր և դանդաղ կը շարժի։

Ախտանիշք: Սթենոկարդ վաճառական մէ. ահա վազելով կերթա առանց բարևելու նույնիսկ մտերիմ բարեկամներն, զի մի՛ գուցե, անոնց հետ խոսքի բռնվելով, ետ մնա գործեն, որ խիստ ստիպողական է. և գիտե՞ք ինչ է ստիպողական գործն. նամակ մը ընդունած է, որուն մեջ կը ծանուցվի իրեն Ք...ի վաճառատունն գտնվիլ հետևյալ օրն, երեկոյան ժամը տասն և մեկին։ Ուրիշ ատեն սկսե իրեն պզտիկ վեպ մը պատմել, վայրկյան մը մտիկ ընելեն հետո կըսե քեզի. «Դուն շարունակե խոսքդ, ես հիմա կուգամ» և փափագ կզգա նարտ խաղացողներուն քովը նստելու, ուր վայրկյան մը միայն կը մնա։ Երեսփոխանական ժողովո մեջ երբ ատենաբան մը բեմն ելնե և յուր ատենախոսությունն սկսի «Տյարք երեսփոխանք»-ով՝ Սթենոկարդն անմիջապես աթոռեն կելնե «Պարոն ատենաբան, եզրակացությունդ ըսե, ժամավաճառ ըլլալու ժամանակ չունինք» կը պոռա և կը մեկնի ժողովեն, զոր շատախոսներու հատընտիր քաղվածք կը կոչե։ Լրագրի մեջ երկար հոդված չկարդար բնավ, երկու տողով տրված լուրերն ախորժանոք կը կարդա, զորս ամենակարևոր կը գտնե։ Աքաղաղներն դեռ չեն սկսած խոսիլ, Սթենոկարդ կարթննա, անկողինեն վար կը ցատկե, աճապարանոք կը հագվի, վարի սրահը կիջնա, ձեռքովն սեղանին վրա զարնելով կաղաղակե մեծ ձայնով. «Ո՞ւր է նախաճաշս, ո՞ւր է խահվես, ո՞ւր կաթս, ո՞ւր կոշիկներս, ո՞ւր պաքսիմաթս,