Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկն ըսեմ, ամեն օր պակաս չեն պատճառներ զիս բարկացնելու համար, այս բարկությունն գերեզման պիտի իջեցնե զիս...

— Նախաճաշդ պատրաստ է ահա, նստե կե՛ր։

— Ախորժակ մնա՞ց որ ուտեմ, գետնին տակն անցնի նախաճաշն ալ.․․ մազ մնաց, որ ծանր խոսք մը պիտի փախցնեի բերնես... դուք կերեք այդ նախաճաշն, վնաս չունի, ես անոթի մնամ (բարկությամբ վար կիջնա սանդուխեն, որուն երեք աստիճաններն մեկ քայլով կը չափե)։

— Կոշիկներդ չհագնի՞ս։

— Չեմ ուզեր, դուք հագեք... (մուճակներով փողոցը կը նետե ինքզինքն և քանի մը քայլ առնելեն ետքը կը դառնա, դուռը կը զարնե. դուռը կը բացվի, կը մտնե)։ Կոշիկներս ինչո՞ւ չեք բերեր, ամեն բան ե՞ս զրուցելու եմ... նախաճաշս պատրաստ է կըսեիք, ո՞ւր է։

— Վերն է, թող բերե Թորոսը։

— Վե՞րն է... օ՞հ... Թորոսն սանդուխեն վեր պիտի ելնե, սրահին դուռը պիտի բանա, ներս պիտի մտնե, նախաճաշը պիտի առնե, սանդուխեն վար պիտի իջնա, հոս պիտի բերե, սեղանի վրա պիտի դնե, հետո աթոռ մը պիտի բերե, ես պիտի նստիմ, պիտի ուտեմ, պիտի կշտանամ ու ետքը գործի պիտի երթամ ու ստակ պիտի վաստկիմ... տարվան մը գործ բացվեցավ մեզի... թո՛ղ մնա, տիկին, թո՛ղ մնա։ Դուռն ուժգնակի քաշելով կը գոցե, և կսկսի արագաքայլ դեպի վաճառատունն երթալ, փողոցին մեջ ինքն իրեն մրմռալով. «Դանդաղ մարդոց հետ գործ ունենալն ի՞նչ սիրտ հատնում է եղեր, տեր Աստված»։

Սթենոկարդ կը մտնե վաճառատունն, ուր ներկա են սենեկին սպասավորն և գրագիրն։ Սպասավորին կը հարցնե, թե նամակներն առա՞ծ է թղթատունեն. պատասխան կընդունի, թե թղթաբերն հասած չէ տակավին։ Մինչև ցարդ պետք է որ եկած ըլլա, գնա՛, նամակներն ա՛ռ ու շուտ մը բե՛ր, կ՝ըսե։ Սպասավորն կը մեկնի։ Սպասավորին ետևեն կը ղրկե գրագիրն, պատվիրելով իրեն, որ վազելով երթա ու նամակներն առնելով շուտ մը դառնա։ Վայրկենե մը հետո ինք ալ կերթա