Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թղթատունն ինքնիրեն ըսելով. «Մարդս պետք է որ յուր գործը յուր ձեոքովը տեսնե»։ Շոգենավն հասած չէ։ Սթենոկարդ կսկսի շոգենավուց ընկերության անհոգութենեն, շոգենավուց դանդաղութենեն տրտնջալ քովիններուն և ըսել, թե իրաց այս վիճակին մեջ անհնար է վաճառականություն ընել։ Գրասենյակ կը դառնա և կը հարցնե, թե զինքն փնտրող եղած է. ոչ պատասխանն առնելով կը վազե թղթատունն, ուր հասկնալով որ շոգենավն դեռ եկած չէ, կուգա գրասենյակն։ Կը նստի գրասեղանին առջև. կ՛ելնե, նորեն կը նստի, դարձյալ կելնե. գրագրեն Օր-հաշիվն կուզե, կը բանա, թուղթ մը կը դարձնե, Մայր հաշիվը բերել կուտա, որուն քանի մը էջերուն վրա ակնարկ մ ընելեն ետքը, սնտուկի տետրակն կառնե, կը բանա, կը գոցե, կելնե թղթատունը կերթա։ Թղթաբերը նոր եկած է, թղթատան պաշտոնեին կը ներկայանա, կը հայտնե, թե կարևոր նամակներ ունի և կաղաչե որ շուտ մը հանձնվին իրեն այդ նամակները։ Պաշտոնյան կը հանձնարարե զինքն ստորակարգյալ պաշտոնի մոր կիմացունե, թե Սթենոկարդի անվան նամակ չկա։ Սխալ է, կը պոռա Սթենոկարդ, անպատճառ նամակ պիտի ունենամ. նամակ չունիք, կը պատասխանեն իրեն։ Սթենոկարդ բարկությամբ գրասենյակը կերթա և հեռագիր մը կը քաշե անոր՝ որմե նամակ կսպասեր հետևյալ իմաստով.

«Այսօր ձեզմե նամակ չստացա և այս մեծ ցավ եղավ ինձի, այս վիճակին մեջ պարտավոր եմ հարաբերությունս խզել ձեզի հետ»:

Սթենոկարդ կր պտըտի գրասենյակին մեջ։ Հիսնամյա սեվազգեստ տիկին մը կսպասե դրան ետևը, ներս մտնել կուզե, բայց չհամարձակիք։ Երբեմն երբեմն դուռը քիչ մը կը բանա և ներս կը նայի. Սթենոկարդ կը տեսնե վեըջապես կինն և դուռը բանալով.

— Ի՞նչ կա, ի՞նչ կա, ի՞նչ կը փնտըես, ո՞վ կուզես, ո՞րու կը նայիս, կը հարցնե։

— Նամակ մը ունիմ...

— Չբերե՞ս, չբերե՞ս, ներս չգա՛ս, չըսե՛ս թե նամակ ունիս, մարգարե եմ, որ գիտնամ։

Կինն նամակը կուտա։ Սթենոկարդ կը բանա և կը կարդա.