Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնավ փույթ չեն տանիր որ դեղն շուտ ազդե։

Պատճառագիտություն. — Նեղսրտության ախտն հառաջ կուգա, նախ՝ նեղ սիրտ ունենալն, երկրորդ ծույլերու հետ գործ ունենալն։ Այս ախտն ընդհանրապես արյունային կազմվածք ունեցողներուն մեջ կը տեսնվի։

Ախտաճանաչամն. — Նեղսիրտն պետք չէ շփոթել բարի նեղսրտին ու չար նեղսրտին հետ, որք կը տարբերին իրենց մասնավոր նշաններովն։

Կանխավճիռ․ — Նեղսրտությունն՝ եթե չդարմանվի՝ կրնա տխուր հետևանքներ հառաջ բերել։ Քանի մը նեղսիրտներ կաթվածահար եղած են։ Այցելած եմ նեղսիրտի մոր շատ ուշ մնացած էր բժիշկ կանչելու, և օր ըստ օրե սկսած էր զգալի կերպով բժշկվիլ, երբ օր մը մեռավ։ Եթե չմեռներ կապրեր։

Բույժ. — Սիրտը լայնցնելու դեղեր և զովացուցիչ ըմպելիքներ կարող են հաղթահարել այս ախտն։ Ախտավորն զգուշանալու է անհոգ մարդերե, իմաստ և ոգի չունեցող խոսքերե և ոգելից ըմպելիքներե։ Խոսելու և խորհելու չէ բնավ երբեք ազգային խնդրոց վրա, որ մեծապես կը մշակեն այս ախտը։


Ա Գ Ա Հ Ն

Սահման: Ագահությունն այն ախտն է, որու ենթական անոթությամբ կը կշտանա։

Ախտանիշք: Փիլարգիրոս տրտում տխուր տուն կը դառնա երեկոյին, քթին տակեն կը բարևե կինն և կերթա սենյակն յուր սովորական տեղը նստելու ծունկի վրա։ Քանի մը ժանգոտած և ծռած բևեռներ՝ զորս փողոցեն Ժողոված է՝ կուտա տիկնոջն պատվիրելով որ խնամքով պահե զանոնք։ Քթախոտի տուփը կրշը հանե ծոցեն, քիթը կը գոհացնե և կնոջը դառնալով՝

— Շատ անհոգ կին մես, կըսե, աշխարհ կը կործանի՝ փույթ չես ըներ, երանի քեզի, եղո՜ւկ ինձ, վա՜յ ինձ.․․ վա՜յ.․․

— Ի՜նչ կա դարձյալ։

— Ի՜նչ պիտի ըլլա (ոտք ելնելով) ես քեզի կարճ խոսք