Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիմանամ, խեղճ ես, վաղը կամ մյուս օր պիտի մուրաս, վա՞խ, սիրելի էրիկս, աս ի՜նչ դժբաղդություն է, սուրբ Աստվածածին... դուն օգնե մեզի։

— Այդ ամեն մարդու ալ զուրցե, որ ուղղե իմ վրա ունեցած սխալ գաղափարը։

— Լավ։

— Ըսե, որ սխալած է, թշվառ եմ. թշվառ...

— Կըսեմ, բայց ուրիշ կարևոր խնդիր մը կա, անոր վրա խոսինք։ Երկու օր է, որ աղջիկդ բան մը դրած չէ բերանը։

— Ի՞նչ վնաս ունի, ստամոքսը թեթև կը մնա... Ի՞նչ լրբություն է զիս հարուստ կարծելը...

— Երակներու մեջ է։

— Ջուր թափեցեք վրան... ժանգոտած ոսկիներ ունիմ եղեր... անպիտաններ։

— Գնա՛, բժիշկ մը ղրկե։

— Բժի՞շկ. բժի՞շկ, գիտե՞ք թե բժիշկ բերելն ինչ ըսել է այսօր: Բժշկի մայցելագինով տարի մը կապրիմ ես։ Ամեն օր կըսեմ ձեզի, թե ժամանակը նեղ է, հիվանդ ըլլալու ժամանակ չէ և դուք դարձյալ հիվանդ կըլլաք... միլիոնատեր կը կարծեք զիս, որ կը հիվանդանաք. մեզի պես աղքատ մարդոց համար հիվանդությունն ամոթ է, ամոթ. ամչցեք քիչ մը, ամչցեք, հավը ջուր կը խմե, երկինք կը նայի կըսեն, քիչ մալ խղճմտանք պետք է։

— Տեր ողորմյա, հիվանդությունը հարստություն, աղքատություն գիտե՞, աղքատին ալ կայցելե, հարուստին ալ։

— Ոչ, ոչ, ոչ, սխալ է, մարդուս ձեռքեն բան չխալսիր, բավական է, որ կամք ունենա հիվանդ չըլլալու։

— Արդեն հիվանդության պատճառն ալ դուն ես... երեսուն տարեկան եղավ և չկարգեցիր։

— Անիկա ի՞նչ գիտե, թե ամուսնանալ ինչ ըսել է. տունը տակն ու վրա կընեմ՝ եթե ամուսնության վրա բան մը խոսիք անոր առջև, չեմ ուզեր, որ աչքերը բացվին։

— Տե՛ր Աստված։ Բնավորությունդ կը փոխես կոր։

— Լավ, բժշկի մը ցուցնենք զինքն, բայց վարպետ բժշկի մը խնամոց հանձնելու է, որովհետև տկար բժիշկներն հիվանդություններեն ավելի վնասակար են։