Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ըսել է թե համով կերակուր եփել գիտեք քիչ ծախքով։

— Այո։

— Լաթ լվալ, տախտակ շփել, ավլել և այլն ալ գիտեք անշուշտ քիչ սապոնով, քիչ ջուրով։

— Այո, բայց խոհարարություն կընեմ։

— Ասեղնագործություն ալ գիտեք հարկավ։

— Սանկ, մեծապատիվ տեր։

— Մեծապատիվ տեր չեմ ես, անանկ խոսքերեն ալ չեմ ախորժիր։ Նոր սկսողի համար դաշնակահարության դաս կրնա՞ք տալ։

— Չէ, տեր իմ։

— Տեր ի՞նչ ըսել է, ես ով եմ, որ տեր ըլլամ, հարուստներն են տեր։ Տաճկերեն պարտամուրհակ գրել կարդալ գիտե՞ք։

— Ո՛չ, ես խոհարարուհի եմ..․

— Այո՛, ըսել է, թե էրիկ մարդու հագուստ ալ չեք կրնար ձևել ու կարել։

— Դերձակ չեմ։

— Այդ հաշվով Մայրենի լեզու ալ չես կրնար կարդացնել պզտիկ տղուս։

— Դասատու չեմ։

— Հասկցա, հասկցա, սանկ քիչ մը գաղղիերեն կարդալ գիտե՞ս։

— Չեմ գիտեր։

— Չպիտի գիտնաս ա՛, վնաս չունի, մարմնամարզություն սորվա՞ծ ես։

— Չէ։

— Ընտոր խոհարարուհի ես դուն, բան չես գիտեր կոր, պետք չունինք։

Փիլարգիրոս մեկ ու կես դահեկան կուտա սափրիչին, որ կ՝ածիլե զայն, մազերը կը կտրե, գլուխն կը լվա, Փիլարգիրոս տժգոհ է, որովհետև սափրիչն անոր ոտներն ալ չլվար։ Աղքատին ողորմություն տալն վատություն կը համարի, որովհետև ողորմությունն, կ՝ըսե, կը քաջալերե աղքատությունը։ Եթե երբեք ողորմություն տա աղքատին ընկալագիր մը կառնե