Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրմե սա իմաստով. «Եթե օր մը մուրացկանութենե փրկվիմ՝ պարտավոր եմ այս գումարն վճարել... ին հրամանին»։

Եթե հրկիզելոց կամ սովելոց ի նպաստ իրմե նվեր խնդրվի՝ կը պատասխանե. «Թեև նվեր ընելու սկզբունքին հակառակ եմ ես, սակայն ձեր սիրույն համար կընդունիմ վճարել քսան դահեկան, զոր պիտի ստանաք... խմբագրեն՝ որ հանգուցյալ եղբորս պարտական է գրեթե տասն տարիե ի վեր»։ Դրամ ընդունած ժամանակն ուշի ուշով և ժամերով կը քննե զայն, զի մի՛ կեղծ կամ պակաս ըլլա. և եթե կեղծ հինգնոց մ՛ընդունի, հազվադեպ պարագա, և չկրնա զայն ուրիշներու քշել՝ Աստուծո կը կելեցնե գանձանակը թողլով զայն և 5 7/8 դահեկան մանրուք առնելով գանձանակեն։ Շարունակ միս ուտելու հակառակ է, և լուբիան անպակաս է սեղանեն։ Ազգային գործերեն հեռու կապրի միշտ և այն ատեն կը մոտենա անոնց՝ երբ բարձր տոկոսով ազգին ստակ տալ հարկ ըլլա։ Կաղանդի օրն տղաները վարժարան ղրկելն ջերմեռանդությանը կը դպչի։ Յուր տղաքը բնավ տեսած չունին ողկույզի վրա խաղող, հատիկ խաղողներ կը գնե, ողկույզի համար ստակ տալն շռայլություն կը սեպե։ Թաշկինակի համար բնավ ստակ տված չէ, հինցած վարտիքները քառակուսի ձևով կը կտրե և անոնցմե թաշկինակ կը շինե, զոր մաքուր կը պահե քթին արտադրությունն փողոցներու նվիրելով։ Եղբորը հին հագուստները կը հագնի, զորս կը հագնին նաև իր զավակները։ Յուր մեծ կոշիկներն կուտա յուր վեց տարվան զավկին, լայն կոշիկն աղեկ է, ոտից կոշտ չպատճառեր կըսե։ Ձմեռը երբ թեյ խմել ստիպվի կիտրոնի տեղ քացախ կը գործածե։ Ամեն առավոտ գրասենյակն իջնելուն պես՝ սնտուկը կը բանա, գոգելով գրասենյակին դռները, քթախոտ քաշելով ոսկիներուն վրա կը նայի։ Ոտից ձայն մը լսելուն պես՝ կը գոցե սնտուկը։ Եվ եթե հյուրերեն միույն նայվածքն դեպի սնտուկն ուղղվի՝ դուրս ելնենք քիչ մը պտըտվինք կըսե և հյուրն դուրս կը հրամցնե։ Այնքան խնամով կը գոցե գրասենյակն, որ ճանճ մ՚անգամ չէ կարող ներս մտնել։ Օդահան գործիքով մը կը մտաբերե գրասենյակին օդն ալ պարպել, որպեսզի սիրտը հանդարտ ըլլա՝ տեսնելով որ ոչինչ կը մտնե յուր գրասենյակը։ Օդեն ալ կը կասկածի։