Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նենալու համար։ Նորատի քուրմերն իրենց մազերն ալյուրով կւ ճերմկցնեն, զի մի՛ իրենց երիտասարդությունը արգելք ըլլա այդ բարձր պաշտոնին կոչվելու։ Նիհար քուրմերն իրենց մարմնույն չորս կողմն հարդով և բուրդով կը պատեն, որպեսզի ծածկվի նիհարությունն, որ այդ աթոռին իրավունքներն պաշտպանելու անկարող ճանչցված է գիրուկ քուրմերե։ Կարճահասակ քուրմերն ալ, մյուս կողմեն, բարձրակրունկ կոշիկներ կը հագնին, հասնելու համար այդ բարձր պաշտոնին, որովհետև աթոռին բարձրության և լայնության չափն առնված է և այդ չափուն համապատասխանող մարմին կը փնտրվի ամենեն առաջ։ Չկա քուրմ մը. ½ քուրմ մը, ¼ քուրմ մը, ⅛ քուրմ մը, 1/16 քուրմ մը, 1/32 քուրմ մը, 1/64 քուրմ մը, 1/128 քուրմ մը, 1/256 քուրմ մը, ո՜վ պերճախոսություն, ազատե զքեզ և մանավանդ զիս մաթիմաթիքական ծուղակե, ուր ինկանք անխոհեմությամբ — չկա 1/512 քուրմ մը, 1/1024 քուրմ մը — բայց ասոր վերջը չգար, 1/2Օ48 քուրմ մը վերջապես, որ արիությամբ հայտնե, թե փափագող է այդ աթոռին, այնքան սովորություն չէ եղած անկեղծությունն անոնց մեջ. ընդհակառակն՝ ամենքն ալ թե բանիվ բերանո և թե բերանով գրչի կը հայտարարեն, թե չեն ուզեր քրմապետ ըլլալ առարկելով, թե վատառողջ են, կամ անկարող են, կամ նորատի են, կամ ծեր են, կամ... ո՛ր մեկը մարդուս միտքը մնա։

Քուրմեր կան նմանող այն աղջկան, որ երիտասարդի մը հետ գաղտնի սիրաբանություն ընելե և ամեն բան կարգադրելե հետո՝ հորը բացասական պատասխաններ կուտա երբ սա անոր կարծիքն և կամքն իմանալ կուզե:

— Աղջիկս, երիտասարդն գեղեցիկ է, պատվավոր...:

— Չեմ ուզեր, չեմ ուզեր...։

— Հարուստ է, քեզի աղվոր կը կերցնե և կը խմցնե։

— Չէ՛, չէ՛, չէ՛, ես չպիտի կարգվիմ, կուսանաց վանքը պիտի քաշվիմ։

— Ինչո՛ւ անանկ կը խոսիս, աղջիկս։

— Ինչո՛ւ անանկ չպիտի խոսիմ, հայրիկս, վերջնականապես կը հայտնեմ ահա իմ կամքս, վերջեն խնդիր չհարուցվի։

Հայրն ցավելով կը մեկնի աղջկան քովեն և կերթա երիտասարդը տեսնելու։