Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պարոն, կըսե, կը ցավիմ, որ աղջիկս կը մերժե քու սերդ. կը խնդրեմ, մի՛ վիրավորվիր, հայր մեմ և չեմ կրնար բռնանալ աղջկանս սրտին վրա։

— Բայց աղջկանդ մտերիմներեն հիսուն հոգի եկան երեկ և իմացուցին ինձ, որ խոս-կապի արարողությունն ժամ առաջ լմննա։

— Կարելի չէ։

— Կարելի է։

— Աղջիկս չխաբեր զիս։

— Աղջիկդ զիս ալ չխաբեր։

— Ի՞նչ հարկ ուրեմն ասանկ երկդիմի ընթացք մը բռնելու:

— Ընթացքն երկդիմի չէ, միադիմի է, խնդիրն հոն է որ աղջիկ զավակ է և կամչնա յուր սիրտը հորը բանալու:

Հայրը տուն կերթա և աղջիկը կը կանչե։

— Աղջիկս, ըրածդ կը վայլե՞:

— Ի՞նչ ըրած ունիմ:

— Ինչո՞ւ կը խաղցունես զիս։

— Քավ լիցի։

— Ինձ կը հայտարարես, թե ամուսնանալ չես ուզեր և մյուս կողմեն հիսունի չափ մտերիմներդ արյուն քրտինք կը մտնեն, որպեսզի խոս-կապն ժամ առաջ կատարվի:

— Մտերիմներուս բերանը կրնա՞մ կնքել ես ի՞նչ ընեմ։

— Ուրեմն կատարենք խոս-կապը։

— Հայրիկ, սիրով գլուխս կը ծռեմ ձեր կամաց առջև, միայն թե այս ամուսնության մեջ եթե չկարենամ պարտքս խղճի մտոք կատարել, ինքզինքս գալիք ոևէ պատասխանատվութենե զերծ կը նկատեմ։

— Հասկցա, էրիկը դուն պիտի առնես, պատասխանատվությունն ես...։

— Ա՛լ չեմ գիտեր, այդ հաշիվներուն խելք հասցնելու կարողություն չունիմ ես։ Բայց ինչ որ է, քանի որ այսչափ վրաս կիյնաք, կընդունիմ։ Խոս-կապն ժամ առաջ կատարեցեք, մեջտեղեն վերնա սա խնդիրը: Քանի մօրեն նշանտուքը ընենք, և գալ կիրակի հարսանյաց հանդեսն ալ կատարենք, որպեսզի այլ և այլ մեկնությանց տեղի չտրվի։