Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շնորհակալ եմ, աղջիկս, ապրիս, աղջիկս, խոսքս մտիկ ըրիր։

Եվ հարսնիքը կը կատարվի։

Քուրմեր ալ կը գտնվին՝ որ քրմապետ ըլլալու հույսն կորուսած ըլլալով կաշխատին քրմապետ ընտրել այն քուրմն, որուն ձգած աթոռույն վրա բազմելու հույս կը սնուցանեն իրենց սրտին մեջ։

Քուրմեր ալ կան, որ խմբագիր-տնօրեն աստվածներու գրասենյակները կերթան և կը տեսակցին անոնց հետ։

— Բարև, մեծապատիվ աստված։

— Աստուծու բարին, գերապատիվ տեր։

— Ի՞նչպես եք, աղեկ եք, մեծապատիվ աստված։

— Փառք աստուծո, գերապատիվ տեր։

— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, մեծապատիվ աստված:

— Ոչինչ, գերապատիվ տեր։

— Շատ բաժանորդներ ունի՞ք, մեծապատիվ աստված։

— Բավական ունինք, և օր ըստ օրե ավելնալու վրա են։

— Կարծեմ բաժանորդագինները դժվարությամբ կը հավաքվին։

— Այնչափ դժվարությամբ չէ։

— Իրավ որ դուք առանց վարձու մշակներ, մեյ մեկ մարտիրոսներ եք... ծանուցումներեն շատ ստակ կառնե՛ք, մեծապատիվ աստված։

— Սանկ, գրաշարներու ծախքը չգոցեր...։

— Շատ կը ցավիմ, մեծապատիվ աստված, որ աստված մեք և պանիր հացով կապրիք... եթե անմահ չըլլայիք, անոթութենե կը մեռնեիք։

— Իրավ է, անմահության գաղափարն է, որ զմեզ կապրեցնե:

— Ես ձեր թերթը շատ կը հարգեմ, սիրով կը կարդամ անոր մեն մի տողը։ Եթե ցարդ չկրցի բաժանորդ գրվիլ, պատճառն այն է, որ զբաղմունքս չներեցին հոս գալ և զձեզ տեսնել։

— Շնորհակալ եմ։ Շիտակը խոսելով եթե մեր լրագիրն ունի առավելություն մը՝ ան ալ հասարակաց կարծիքն ներկա-