Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներկա գտնվող ժողովուրդն անհամբեր կսպասեր լսել բարձրաթռիչ և սրատես Արծիվին անունն, որ մազ մնացեր էր բնավ չկարդացվելու։ Իրավամբ մեծ ցավ զգաց ժողովուրդն Արծիվին այնքան նվազ քվե ստանալուն վրա, և այս մասին բնավ համամիտ չգտնվեցավ քուրմերուն հետ, որք իրենց քվեներով հաստատել ուզած էին դժբախտաբար, թե Արծիվն հնդկահավի մը չափ իսկ չկրնար թռիլ և տեսնել։ Ասոնք կը պնդեին միանգամայն թե Հ... Ս...են ներշնչված էին և չէին կրնար սխալած լինել, թե հասարակաց կարծիքն ալ նույնն կը հաստատեր և թե Աստուծո ձայնն ալ, որ ձայն բազմաց է, միացած էր քուրմերուն ձայնին, որպեսզի Արծիվն ընտրելյաց ցանկին վարի կողմը թռի ի պատիժ այն բարձր թռիչներուն, որովք դեր ի վերո բարձրացած է ազգասեր սիրտերու և սրատես միտքերու մեջ։

Ողջամիտ մահկանացուներն շատ լավ գիտեն ճշմարիտ առաքինին որոշել կեղծ առաքինիեն, և խիստ քաջ կը ճանաչեն այն անձն, որ Արծիվին մի անձնանվիրությունն վատություն հռչակել տալու պատճառ եղավ։

Այս ողջամիտ մահկանացուներն վստահ են նաև, թե երկրորդ աստուծո ձայն մոր արդեն սկսած է լսվիլ, պիտի գնահատե Արծիվին արժանիքն. նոքա կը հուսան միանգամայն, թե աստվածներու կաճառն պիտի կարողանա բարձրացնել Արծիվն, զոր այնքան խոնարհեցնել ուզած է քուրմերու ժողովն։

Տա՜ր Աստված, որ Հ... Ս... գոնե այս անգամ ներկա գտնվեր աստվածներու ժողովույն։