Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտարարելով միանգամայն, թե ժողովն պիտի գումարվի։ Ծանուցումեն տեղեկություն չունեցող աստվածներն արդեն սկսած էին հետզհետե գալ, տեղեկություն ունեցողներն ալ կուգային դավի մը զոհ չերթալու դիտավորությամբ։ Այս միջոցին լումայափոխ աստված էֆենտի մը բիր ի ձեռին ժողովատեղվույն սրահեն վեր կելնե, և դուք եք ժողով ունողներն ըսելով գավազանի երկու հարված կիջեցնե, մին այն աստվածին կռնակին, որուն հաղորդված և հանձնված էր քանի մը տարիներ առաջ աստվածներու ազգին կենսական շահերն, և մյուսն ատենադպիր աստվածին թևին վրա։ Լումայափոխ աստվածն այս քաջագործությունն ընելե հետո՝ վար կիջնա կատարյալ անտարբերությամբ, որպես թե այս երկու աստվածներուն քաղաքավարական հարգանք մը մատուցած՝ կամ զանոնք շնորհավորած՝ և կամ պատիվ մըրած ըլլար անոնց։

Այս ազգային ծեծին վրա, ըստ խմբագիր-տնօրեն աստվածներու՝ ծեծն ազգային կը համարվի՝ երբ ազգային հարկի մը մեջ տեղի կունենա, իսկ ծեծն բանասիրական կը սեպվի, երբ երկու բանասերներու մեջ ըլլա, և առևտրական, երբ շուկայի մեջ կատարվի ծեծի գործողությունը, այն կուսակցությունն, որուն կը պատկանի ծեծող աստվածն՝ յուր անդամներով կուգա ժողովատեղին, և ահա ծեծն խոսակցության նյութ կը դառնա։

— Իմացա՞ք եղելությունն, կը հարցնե ծեծված կուսակցության անդամներեն մին։

— Այո՛, բայց մենք կարևորություն չտվինք։

— Կարևորություն չտվի՞ք։

— Բնավ, որովհետև պաշտոնական չէ։

— Ծանուցումին վրա չէ խնդիրն, լումայափոխ աստվածն երկու աստվածներ ծեծեց։

— Տղա մի ըլլաք, աստվածնիդ սիրեք. լումայափոխ աստվածն մեր կուսակցության կը վերաբերի և մեր կուսակցության մեջ ծեծող աստված չունինք։

— Ի՞նչ կ՚ըսեք, մենք մեր աչքով տեսանք։

— Սխալած եք դուք, չըլլա՞ որ դուք ծեծած ըլլաք խեղճ լումայափոխն։

— Ինչո՞ւ կը պնդեք, ծեծ ուտողին մեկն ես եմ և մյուսն ալ ահավասիկ։