Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Զարմանալու բան։ Առաջ դուք ինչո՞ւ զարկիք ուրեմն անոր։

— Մենք բնավ չզարկինք։

— Անկարելի է, զրպարտություն մէ ուրեմն ձեր ըրածը։

— Իմ թևիս և բարեկամիս կռնակին զարկավ։

— Չըլլա՞ որ յուր գավազանով ձեր բալթոներուն փոշին թոթվելու նպատակավ զարկած ըլլա։ Կը խնդրեմ, կիրքով մի խոսիք, այդ խնդրույն մեջ թյուրիմացություն մը կա, որովհետև լումայափոխ աստվածն այն տեսակ աստվածներեն չէ, աստվածներու սեղանավոր և վաճառական դասուն մեջ մեծ հարգ և պատիվ կը վայելե։

— Ատ ի՛նչ տեսակ փոշի թոթվել է, մազ մնաց որ աստվածին թևն պիտի կոտրեր...։

— Կընդունինք որ ձեռքը քիչ մը ծանր է, բայց ծեծելու նպատակն՝ զոր անխղճաբար կը վերագրեք իրեն՝ կը մերմենք մեր կուսակցության հավաքական ուժովն։ Դարձյալ ո՛վ գիտե, որքան փոշի կար ձեր բալթոներուն վրա, որ խեղճն մեկ անգամ են մաքրելու միամտությամբ, որովհետև շատ միամիտ է ինքը և խորամանկություն չունի, փայտն քիչ մուժով իջեցուցեր է։ Այս մասին ալ ինքն բնավ հանցանք չունի, մանավանդ երբ նկատողության առնվի սա կետն, թե զորավոր ախտերու դեղն մեծ քանակությամբ կը տրվի։ Կրնանք այս կետն ստուգել բժիշկներեն։ Դարձյալ չմոռնանք սա կետն ալ թե լումայափոխ աստվածն եթե տարբեր նպատակ ունենար՝ ձեր թևին հետ բնավ գործ պիտի չունենար ուղղակի ձեր գլխուն պիտի իջեցներ։

— Լավ լեցի, կաղաղակեն միաբերան փաստաբանին կուսակիցներն, տարբեր նպատակ չկրնար ունենալ մեր աստվածն և իրողություններն ակներև ցույց կուտան, թե բարեգործություն մըրած է, միայն թե ապսպրելու է իրեն, որ ուրիշ անգամ բարեգործություն ըրած ժամանակն ձեռքը քիչ մը թեթև բռնե։

Ծեծված կուսակցության անդամներն կը հաստատեն, թե լումայափոխ աստվածն բիր ի ձեռին բարկությամբ սրահն ելեր է և գանակոծեր է հիշյալ աստվածները։

— Բարկությա՞մբ վեր ելավ ըսիք։