Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛:

— Ճանցանքը բոլորովին ձեր վրա կը ծանրանա ուրեմն. բարկացած մարդու մառջև ինչո՞ւ կը կայնիք, եղբայրներ: Վիքթոր Հյոնկո կամ Յուկո յուր Թշվառներու մեջ շատ խոսած Է այս նյութին վրա. եթե չեք հավատար՝ կարդացե՛ք այս գիշեր զայն և լիովին պիտի համոզվիք, թե լումայափոխ աստվածն բնավ հանցանք չունի։ Բայց փակենք այս խնդիրն և մեր գործը նայինք։

— Ու կը պոռան լումայափոխի կուսակիցներն, խնդիրն չփակած պարտք մունինք կատարելու, այն է արտահայտել ծեծված աստվածներու մեր սրտին ամենախորին ցավն, որ կարող է. ջնջել գավազանի մր պատճառած ցավն։

Եվ աստվածներն ալ իրենց սրտին ցավին վրա կը դնեն աքուա սետաթիվա, զոր բժիշկ աստվածն դրած Էր ատենադպիր աստվածին թևին ցավին համար։

Քանի մը վայրկյան անցնելե հետո բոլոր աստվածներն սենյակի մը մեջ կը խմբվին խորհելու համար, թե ի՞նչ պարտ են ընել։

Նախ և առաջ միացյալ հավանությամբ ցավ կը հայտնեն ոսկերիչ աստվածին ընթացքին վրա. հետո կսկսին վիճաբանիլ ժողովն հետաձգելու կամ չհետաձգելու, ինչպես նաև զայն օրինավոր համարելու կամ չհամարելու մասին։

Ամեն կողմե կարծիքներ իրարու կը բախին և լույսը կուշանա երևալու։

Կարծյաց իրարու բախման միջոցին մահկանացուներու բազմություն մը սենյակին դուռը կը բռնաբարե, առաքյալ մահկանացու մը հոգին սուրբե յուր աքսորյալ եղբոր ողբալի վիճակեն ներշնչված երկար ատենաբանություն մը կընե, որու մեջ հայրենասիրական ձևերով և շարժումներով անվայել խոսքեր կարտասանե քուրմի մը դեմ՝ այնպիսի ծանր բառերով, որ համայն աստվածներուն սրտին ցավ կը պատճառեն և հազիվ կրնան աքուա սետաթիվայով մեղմել զայն։ Աստվածներուն մեկ մասն մահկանացուներեն վախնալով պահվտելու ծակ կը փնտրե, իսկ մյուս մասն փախչելու համար անցք մը, մինչդեռ մահկանացուներն աստվածներուն այս վախկոտությանը վրա կը ծիծաղին։