Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Լռե՛... վեճը փակված է։

— Բարոյականը խածնե՜ս դու։

— Վեճր փակված է իբրև անկարևոր։

— Հապա զգացած ցավս...

— Այնքան դյուրազգած մի՛ ըլլար: Ուրիշ մեկը ցույց տուր, որ քիչ մ՝ալ ան խածնեմ։

— Շատ մարդ չեմ ճանչնար, ըսի քեզի։

— Խմբագիր մը ցույց տուր։

— Խմբագրաց հետ հարաբերություն չունիմ, եղբայր։

— Դասատու մը գոնե՛։

— Անոնց հետ ալ ծանոթություն չունիմ... քանի մը դասատու միայն կը ճանչնամ, անոնք ալ բարի մարդիկ են։

— Խածնվելու արժանի մարդ չմնաց ալ, գոնե մեկ երեսփոխան մր գտնայիր...

— Բավական ժամանակե իվեր հոն ալ ոտք կոխած չեմ։

— Ի՞նչ կընեիր ուրեմն այսքան ժամանակե հետե...

— Վերմակս գլուխս քաշած, սենյակիս մեջ առանձնացած ժամանակ կ՝անցունեի։

— Խեղճ բարոյական։

— Սա պարտք մը կար նե՝ ի՞նչ եղավ այն։

— Մեծ հույս կա, որ քիչ ժամանակեն այդ պարտուց բարձման առաջքն առնվի։

— Կրթության խնդիրն ի՞նչ եղավ։

— Կրթության խնդիրն ձիով կը պարտի կոր։

— Սնտո՞ւկը... սնտուկը...

— Սնտուկին մեջ ես կը նստիմ կոր հիմա...։

— Այսինքն բարոյական սնտուկ...

— Այո։

— Գիտեմ արդեն, բարոյականի տեր է մեր սնտուկը։

— Ո՛ղջ ըլլա:

— Եվ կարծեմ ամեն միջոց ի գործ կը դրվի որպեսզի մղում մը տան այդ սնտուկին... կործանման։

— Շիտակը խոսելով կաշխատին կոր:

— Երախտագիտություն ուրեմն։ Ազգային ընտանեկան կյանքն ի՞նչպես է։

— Չեմ գիտեր, բայց կըսեն թե քիչ մը հիվանդ է...