Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չըլլա՞ մեռնի... պարահանդեսներն սկսա՞ն։

— Այո՛։

— Իմացա որ պարահանդես անունով ամսօրյա ուսումնաթերթ մը պիտի հրատարակվի, և այս ուսումնաթերթին մեջ ազգային պարի ծագման վրա և անոր այլ և այլ ազգաց պարերու հետ ունեցած աղերսին վրա երկար բարակ բանասիրական հոդվածներ պիտի հրատարակվին։ Նույնպես պարի վախճանին վերաբերյալ ծանոթություններ պիտի գրվին, որպեսզի ամեն մարդ գիտնա, թե ի՛նչ նպատակի համար կը ցատկե, ինչ նպատակի համար հրապարակավ կին մը կը գրկե և մանավանդ ի՛նչ նպատակի համար կը սիրե (ճշմարիտն, բարին ու) ԳԵՂԵՑԻԿԸ։

— Օգտակար թերթ մը պիտի ըլլա ուրեմն։

— Ուրիշ շատ բաներ ալ իմացա, բայց ստուգության կարոտ են։ Երթամ ուրեմն զանոնք ստուգելու և միանգամայն ներումն խնդրելու տիրոջմես այն հանցանքին համար, զոր գործեցի չկրնալով հասցնել իրեն ազգային զեն հունվար ամսու հաշիվն, զոր խոստացած էի մեջ։ Ի տեսություն ուրեմն Բարոյական։

— Երթաս բարով, Ծիծաղ, կը հուսամ, թե ուրիշ անգամ չպիտի խածնես զիս։

— Այդ մասին վստահ եղե՛ք։

— Մնաք բարով։

— Կսպասեմ քեզի։


— Ի՞նչ վիճակ է այդ, Խիկա՛ր, վրադ գլուխդ պատռտած, ծե՞ծ կերար... երեսփոխանական ժողովե՞ն կուգաս։

— Ո՛չ, ճամբորդություն ըրի, աշխարհի շրջանն ըրի քսան օրվան մեջ։

— Չեմ հասկնար։

— Մտիկ ըրե՛, որ հասկնաս։ Հազիվ թե տպարանեն ելա, ընթերցող մը գնեց զիս ու շոգենավ մտավ: Քապաթաշ ելանք։ Հոն ընթերցասեր մը հափշտակեց զիս գրպանը դրավ և Սկյուտար գնացինք։ Հոն ալ քանի մը տուն պտըտելե և քա—