Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզն — Եվ այսպես առոք փառոք պարահանդեսին երկրորդ դռնեն ներս մտանք։ Ներսը լեցուն էր, ոտք կոխելու տեղ չկար։ Առաջին հարկին վրա օթյակ մը միայն կար պարապ, որ հարուստ մարդու մէ եղեր, մեզի այն օթյակը հրամցուցին, ուր գնացինք նստեցանք։ Նստելնուս պես՝ աջ թևինս նշանացի հասկցուր՝ թե — որովհետև նշանացի իմացուցի իրենց նախ, թե ինքզինքս անծանոթ պահելու համար որոշած էի բերանս չբանալ և նշանով միայն խոսակցել — կուզեր քաքառ խմել, ձախ թևինս ալ ապսենթ խմելու փափագ հայտնեց։ Պատասխանեցի իրենց, թե լավ կըլլար եթե քիչ մը գարեջուր խմեինք։

Կապիկն — Պարզապես գարի առաջարկեիր։

Եզն — Ըստ որում անոնք գարին կեփեն և ջուրը կը խմեն, չուզեցի անոնց ճաշակին հակառակիլ։ Հավանություն հայտնեցին և գարեջուր հրամայեցինք: Մեյմեկ գավաթ խմեցինք, նորեն ուզեցին, դարձյալ ապսպրեցինք, վերստին խմեցինք։ Կրկին փափագ հայտնեցին, տակառ մը գարեջուր բերել տվի, ան ալ պարպեցին...

Կապիկն — Ի՜նչ կըսեք։

Եզն — Այո՛, և այս մարդ ըսված արարածն, որ կը բամբասե մեզի իբրև շատակեր, առավոտե մինչև երեկո ուտելով պիտի զբաղեր՝ եթե յուր կերակուրն մերինին պես խոտե և հարդե ըլլար։ Մեր միսը կուտեն, կը կշտանան, և անկե ետքը կըսեն, «Մեր ստամոքսները փափուկ են, շուտ մը կը կշտանանք»։ Կերդնում, որ իմ կինս տիկին... կը ճաթեր, եթե այնչափ գարեջուր խմեր։

Կապիկն — Իմս ալ չկրնար խմել։

Եզն — Անուշ ըլլա, թո՛ղ խմեն, բայց ուրիշներն չբամբասեն։ Ինչ որ է, ասոնք գարեջուրով գինովնալեն ետքը...

Կապիկն — Գինովությո՞ւն ալ կընեն կիները...

Եզն — Գինովությունն ալ խոսք է։

Կապիկն — Ի՞նչ անբարոյականություն... կերդնում հանուն Արամազդա, որ կսպաննեմ կինս, եթե օր մը տեսնեմ, որ գինովցեր է...։

Եզն — Գինովնալեն ետքը սկսան թևերս կսմթտել...։

Կապիկն — Թևե՜րդ կսմթտել... ի՞նչ խայտառակություն...