Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճշմարտություն. — Մյուս ոտքս ալ բանաստեղծ մը կտրեց, որպեսզի ներդաշնակություն գոյանա ոտքերուս մեջ, սրոց մին կարճ ըլլալով, տաղաչափական աչաց հաճելի չէր երևնար:

Գութ. — Ամեն կողմեն հալածանք...

Ճշմարտություն. — Հետո երկու կտոր փայտ բերին և ըսին. «Ոտքերուդ պաշտոնն ասոնք պիտի վարեն փոխանորդաբար»։

Գութ. — Ի՜նչ ընտրություն։

Ճշմարտություն. — Զրկվելով ոտքերես, զրկվեցա նաև ուժես։ Չէի կարող վազել և ժամ տնակին հասնիլ հոն, ուր հրավիրված էի։ Ստությունն արծվի թևերով կը սլանար և կայծակի արագությամբ կ՚իջներ ամենուրեք, մինչդեռ իմ կառացս լծված էին երկու ցնդած կրիաներ։ Եվ ստությունն կստանար մրցանակը։

Գութ. — Դժբախտություն։

Ճշմարտություն. — Պիտի գոհանայի եթե ոտքերես միայն զրկված ըլլայի և ականջներս չկորուսնեի օր մը երեսփոխանական ժողովո մեջ, ուր երեսփոխան մը՝ չուզելով որ լսեի յուր անիրավություններն և պատասխանեի անոնց՝ հանդգնեցավ երկու ականջներս մեկեն կտրել: Այս հարվածը սոսկալի էր։ Բարկությամբ տուն կը վերադառնայի՝ երբ փոխանորդ ոտքս քարի զարնվելով ինկա թևս կոտրեցի և քիթս ջախջախեցի։

Գութ. — Խե՜ղճ ճշմարտություն։

Ճշմարտություն. — Երկար է իմ պատմությունս, սակայն պիտի աշխատիմ համառոտել զայն։ Չպիտի հիշեմ մասնավորներե կրած հալածանքս, օրինակի համար, իրենց դրամագլուխը մեկ միլիոնի բարձրացնելու համար զիս ամեն վայրկյան ուրացող վաճառականներն, աշխարհիս բոլոր ոսկիներն իրենց սնտուկին մեջ բանտարկելու համար հետս անիրավությամբ վարվող դրամատերերն, բոլոր անշարժ ստացվածքներու տիրանալու համար զիս անպատվող կալվածատերերը, իրենց ցանկությունը հագեցնելու համար զիս հալածողները, իրենց ամուսինը խաբելու համար զիս վռնտող կիները, մեկ խոսքով զիս իրենց կրից, տռփանաց ու շահուն զոհող մասնավորները, պիտի հիշեմ միայն զանոնք, որ զիս պաշտպանելու պաշտոնն ստանձնած են, իմ ընդհանուր դատախազ—