Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8/10 ԿՐՈՆՔ. — Զիս կը ներկայացնեն, բայց ոչ ամեն պարագայի մեջ։

Գութ. — Ի՞նչպես որոշեր ժողովուրդդ՝ թե այս ինչ պարագային մեջ զքեզ կը ներկայացնեն և այն պարագային մեջ իրենք զիրենք, մանավանդ թե ժողովուրդն գիտե, և ներկայացուցիչներեդ ուսած է, թե դու և ներկայացուցիչներդ մի եք։

8/10 Կրոնք. — Սխալ։

Գութ. — Գնացե՛ք այսուհետև, եթե կարելի է երթալ ուղղել այն սխալն, պատժել անտարբեր և միայն իրենց որովայնովն զբաղող պաշտոնյաներն և ըսել իրենց՝ թե քիչ մ՝ալ տիրոջը գործերով զբաղին, հերիք տիկնոջ գործերուն պարապեցան։

8/10 Կրոնք. — Իրավունք ունիք։

Գութ․ — 2/10 մասն, որ կապրի դեռ, աշխատի թո՛ղ, որ բացառիկ կերպով չսպաննվի ան ալ, որովհետև կրոնի մասին անտարբերությունն այն չափ հառաջ գնացած է, որ կրոնքի հիմնական կանոնը բացառաթյուն և բացառությունն իբրև հիմնական սկզբունք ընդունվիլ սկսավ։ Երթաս բարյավ, ո՛ կրոնք։


Դ

ԱՆԿԵՂԾՈԻԹՅՈԻՆ, ՄԱՐԴԱՍԻՐՈԻԹՅՈԻՆ

ԱՐԺԱՆԻՔ

Անկեղծություն.— Դո՞ւն ալ զգացիր վերջապես օդափոխության պետքը, ո՛ Արժանիք։ Բժիշկնե՞րը խորհուրդ տվին քեզ մեկնել անդիի աշխարհեն։

Արժանիք.— Ի՞նչ օդափոխություն։

Անկեղծություն. — Կատարյալ օդափոխություն, բառին ընդարձակ նշանակությամբ, որովհետև հոս գաղթելու պետք պիտի չունենայիր, եթե կարենայիր ապրիլ անդիի աշխարհին օդը ծծելով։ Երանի թե ուղղակի հոս աշխարհ եկած ըլլայինք առանց անցնելու այն ապականյալ կայարանեն, որուն կլիմային ներքև կարելի չէ մեզ շնչել։

Մարդասիրություն. — Այս մասին բարեբախտ եմ ես ուրեմն։