Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եզն — Պետք է խոստովանիլ սակայն, թե ասոնք պատվավոր ընտանիքե չէին։

Կապիկն — Թող ըլլա, ամենեն ստորին ընտանիքե եղող եզն կամ կապիկն աս խայտառակությունները չըներ։

Եզն — Հասկցուցի իրենց, թե կատակե չեմ ախորժիր և իրոք ալ չեմ ախորժիր — որո՛ւ կը հասկցնես։ Աջ թևինս մեկ կողմեն կը կսմթտե և մյուս կողմեն կամացուկ մը կըսե, թե ձախ թևինս տգեղ է. ձախակողմյանս ալ աջակողմեանիս նիհարությունն կուզե հասկցնել, կեդրոնն ի՞նչ ընե։

Կապիկն — Աջակողմյանն ալ վռնտե, ձախակողմյանն ալ։

Եզն — Ասոնք կուզեն, որ վար ինջնենք և քատրիլ խախանք։ Կը մերժեմ։ Կը պնդեն. հոգիս բերանս կուգա և վերջապես երկուքն ալ օթյակեն դուրս կը նետեմ։

Կապիկն — Շատ աղեկ ըրած ես, քանի որ խոսք չեն հասկնար։

Եզն — Այս երկու անտանելի փորձանքներե օձիքս ազատելեն ետքը՝ զգացի որ անոթցած եմ։

Կապիկն — Քիչ մը մսեղեն բերել տալու էիր։

Եզն — Մսեղենը կը դպչի ինձ, չեմ վարժված։ Գարեջուրեն ալ բավական խմած ըլլալով՝ գլուխս տաքցած էր և չէի ուզեր նորեն խմել որպեսզի չգինովնամ։ Պատերուն կռթնելով օթյակեն դուրս ելա կամացուկ մը և ալքերս չորս կողմ պտըտցուցի խոտի պես բան մը գտնելու համար։ Չգտա ուստի ետ դառնալով օթյակը մտա։

Կապիկն — Օթյակին բազմոցին կամ աթոռներուն խոտերն ուտեիր:

Եզն — Վարժված չեմ ուրիշին վնասել։ Տարակույս չկա, որ եթե իմ տեղս մարդ մը ըլլար և յուր ճաշակին հարմար սնունդ մը գտներ՝ անմիջապես կուտեր։ Նեղություններու սիրով համբերել սորված ըլլալով՝ տեղս նստա և սկսա մարդերը դիտել։ Շատ երկար կըլլա տեսածներս մի առ մի պատմել, միայն ամենեն ավելի աչքի զարնողներն պիտի պատմեմ քեզի։ Օթյակիս ձախ կողմի օթյակին մեջ էրիկ կնիկ կռիվ կընեին։ — Այս գիշեր հոս գալու չէր ներեր վիճակս, կըսեր այրն, դուն պատճառ եղար և զիս երկու ոսկիե հանեցիր։ Ի՞նչ ըսել է, կը պատասխաներ կինն, տարին գոնե չորս հինգ