Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անկեղծություն. — Մի հուզվիր... պաղ արյամբ պատմե.

Արժանիք. — Ուսկի՞ց սկսիմ...

Արժանիք. — Բայց պիֆթեք չպիտի շինենք անոնցմե: Չեփած կովու մը գլուխը հիսուն դահեկանի կը վաճառվի և խմբագրի մեփած գլխուն դանգ մը տվող չկա։

Անկեղծություն. — Կովու գլուխներն ի վաղուց անտի կը փնտըվին։

Անկեղծություն. — Աս ճաթեցուցիչ է։

Արժանիք. — Կնճռալի դատ մը կը ներկայանա։ Ամենեն քաջ իրավագետն այն է, որ շատ կը խոսի, բարձր ձայնով կը խոսի և պարապ բաներու վրա կը խոսի։ Կը մեծարեն այն իրավագետն և բուն խորհող փաստաբանն կըստիպվի յուր պարտքերը չվճարելու համար հոդվածներ փնտրել հռովմեական օրինագիրքին մեջ։

Անկեղծություն. — Զարմանալի է արդարև։

Արժանիք. — Համեստությամբ ու պարկեշտությամբ օժտված և հրապուրիչ գեղեցկությամբ փայլող ազնիվ աղջիկներն մեծ դժվարությամբ կրնան զաշխարհ ճաշակել, մինչդեռ ոսկվո գեղեցկությամբ միայն զարդարված աղջիկները զաշխարհ կը լափեն և հասարակաց կարծիքը կըսե. «Գեղեցիկ չեն, բայց սիրուն են»։ Դուն ալ գետնին տակն անցիր, ո՛ հասարակաց կարծիք, փորձանք մալ դուն ես, բարով խերով չելնեիր մեր դեմը։

Անկեղծություն. — Մի՛ բարկանաք։

Արժանիք. — Ստինքները կաթով լի ստնտու մը՝ որ տգեղ է՝ հարմար չդատվիր մեծատան մը նորածին տղուն կաթ ջամբել։ Կաթին մեջ ջուր խառնած է եղեր։ Տան բժիշկը՝ որ ծանոթ է մեծատան ճաշակին՝ ընտիր և առաջին կարգի կաթ կը գտնե գեղեցիկ և պչրող ստնտուի մը ստյանց մեջ, որք բնավ կաթ չունին։ Կաթի կարոտ են և գեղեցկություն կը փնտրեն։ Միթե երեխան յուր ստնտուին ծիծերը միայն բռնելով անոր այտերը պիտի ծծե։ Երեխան գործիք է...

Անկեղծություն. — Չափազանցության մեջ կիյնաս, Արժանիք։