Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ պարահանդես չպիտի՞ գամ, եթե կինդ պարահանդես տանելու ստակ չունեիր՝ թող չկարգվեիր, քեզի ո՞վ ստիպեց, որ կարգվիս։

Կապիկն — Կինն այսքան համարձակությամբ կը խոսեր յուր էրկանը... բայց էրիկն կարգված օրը պայմանագրություն կնքա՞ծ է կնկանը հետ զայն պարահանդես տանելու համար, ամուսնության մեջ ասանկ պայման կը դրվի՞:

Եզն — Ո՞վ գիտե... մտիկ ըրե։ — Ես երկու ոսկիով, կըսեր մարդը, երկու ամիս հաց կառնեի և տղաքներովս կուտեի։ Պարահանդեսը հացեն առաջ է, կը պատասխաներ կինն։ — Պարահանդեսը փոր կը կշտացնե։ — Մարդս միայն փորը կշտացնելո՞ւ համար կուգա աշխարհ, ամեն օր մեր փորը կը կշտացնենք, և շա՞տ է եթե տարին չորս հինգ անգամ ասանկ հանդեսներու գանք, խաղանք, պարենք, ցատկենք, խնդանք, խմենք։ — Եվ ես բոլոր օր արյուն քրտինքի մեջ մտնամ տղաքներուս հաց ճարելու համար, մեղք չէ ինձի։ — Ինչու մեղք պիտի ըլլա, պարտականությունդ է, պիտի կատարես, եթե հիվանդ ըլլայի ամեն օր, և բմշկներու ոսկիներ համրեիր, ավելի՞ աղեկ էր. դուն փառք տալու ես, որ հիվանդությանս տալիք ստակդ պարահանդեսի կուտաս. բայց էրիկ մարդիկ այսպես են, բարիք չեն ճանչնար։ — Կնիկ, խոսք չես հասկնար դուն։ — Շատ ալ աղեկ կը հասկնամ, ինձի պոռալ մի տար, հիմա որչափ ձայն ունիմ՝ թող կուտամ հա, կը լսե՞ս, քառասուն տարին անգամ մը պարահանդես բերիր, քթես բերնես մի՛ բերեր։ — Կամաց խոսե՛։ — Լռե՛, որ չխոսիմ։ — Վիճակս կը հայտնեմ կոր քեզի, կնիկ։ — Հոս վիճակ հայտնելու տեղը չէ։ — Հանցանքն իմս է, որ քեզի հետ կարգվեցա։ — Գնա՛ ուրիշ մը առ, ձեռքեդ բռնող չկա։ — Մեղքս է, պիտի քաշեմ, պատիվս պահելու համար պիտի լռեմ։ — Մայրիկ, մայրիկ, գործ ունիմ, պոռաց այս պահուն տղա մը։ — Ա՛ռ, տա՛ր տղադ, որ գործը տեսնե, և շատախոսություն մի՛ ըներ, ըսավ կինն։ — Ե՛լ նայինք, ե՛լ, պատասխաներ այրն, պարահանդես եկողն ամեն բանի հանձնառու ըլլալու է։

Կապիկն — Խե՞ղճ էրիկ... մեր մեջ էրիկներն ասանկ հանդիմանվի՜ն իրենց կիներե... անկարելի է... ապրին մեր կիներն, շա՛տ ապրին։