Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փիլոպիպղոս — Մեկդի նետե ուրեմն զայն, ձուկ որսալու գնա քիչ մը, և մի՛ այդպես հալածելով գրիչդ աշխատիր բռնությամբ հառաջ վարել զայն: Մի՛ հալածեր գրիչդ, ազատ ձգե՛ զինքն, եթե քալե՝ լավ, եթե չքալեր դուն քալե քիչ մը։ Հեղինակեն հալածված գրիչ մը սովորականե դուրս միջոցներու կը դիմե, արդարև կը վազե, բայց ամեն մեկ քայլին յուր հեղինակին արատ կը բերե:

Անթոս — Հերիք, Փիլոպիպղոս, դուն այսքան ազատախոս չէիր...

Փիլոպիպղոս — Գրիչդ ցավելուս համար է, որ այսպես խիստ կը խոսիմ մեղք չէ գրիչդ այնքան հալածել ես զինքն, որ խեղճը նեղը մնալով ստիպվեր է մեկ ակնթարթի մեջ Արաբիայեն Վոսփոր, Վոսփորեն Հնդկաստան վազել, կաղամբի մշակութենեն սիրահարություն, սիրահարութենեն իշուն պոչը, իշուն պոչեն գրականություն, գրականութենեն համետ։ Կաղաչեմ, ըսե ինձ, ի՞նչ վերաբերություն ունին ասոնք միմյանց հետ։

Անթոս — Շարունակե՛ տեսնենք։

Փիլոպիպղոս — Եթե նյութե մը ուրիշ նյութ անցնելու կանոնն այսքան ընդարձակ և այլանդակ արտոնություններ տված է, ինչո՞ւ ուրեմն իբրև գրագետ չհարգվին հիմարանոցի բնակիչներն, որ այնքան համբավ հանած են աքաղաղեն էշ երթալու արհեստին մեջ։ Չըլլա՞ որ ուղտերուն առջև էշ կապելու սովորությունն գրականության մեջ մտցնելու փառասիրութենե առաջնորդված ըլլաս. պատասխան տուր։

Անթոս — Իմ պատասխանս ծաղրն է։

Փիլոպիպղոս — Մերթ իտալացի, մերթ անգլիացի և միշտ ֆրանսացի հեղինակներու խոսքեր այն չափ անպատեհ կերպի մեջ բերված են, որ կարծես՝ թե այդ խոսքերը քշելու նպատակ ունեցած ըլլաս միայն։

Անթոս — Խոսե, խոսե։ (Մեկուսի) դրություն մը մինչև այս աստիճան մատնե ինքզինք...

Փիլոպիպղոս — Այլ և այլ ծաղիկներե փունջ կապողն կը հարգեմ այն պատվով, որուն արժանի է, սակայն վարդին քով դդումի ծաղիկ չեմ կլլեր, Անթոս, որքան ալ ուրիշներն հիանան և սքանչանան։