Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անթոս — Ինձի նման անգյուտ գրագետ մը ասանկ ստգտանաց ենթարկվի...

Փիլոպիպղոս — Պարզութենե մի՛ հեռանար գեղեցիկ երեվալու անհադ փափագով, որ տգեղության ծնունդ կուտա միշտ։ Միլիոնավոր գույներով մի՛ վայրապար ներկեր ոճդ։ Գույներուն առատության վրա չէ խնդիրն, բավական է, որ բնական ըլլան անոնք։

Անթոս — Շնորհակալ եմ ձեր խրատներեն, և կը փափագիմ, որ անոնցմե քիչ մալ ուրիշներուն տաս, մանավանդ քեզի։

Փիլոպիպղոս — Ի՞նչ ունիմ ես, գրականության կանոններուն չե՞մ հետևիր։

Անթոս — Քու գրություններուդ մեջ ալ քեզմե ավելի օտար հեղինակներն կը խոսին։

Փիլոպիպղոս — Այո՛, կը խոսին, բայց օրենքով։

Անթոս — Մինչև այսօր գրածներուդ երեք մասին հեղինակն Լիթռեն է։

Փիլոպիպղոս — Այո՛, այդ դրական փիլիսոփան, զոր կը հարգեմ և կը պաշտեմ, թեև հոգեկաններն ալ կը պաշտեմ ի պահանջել հարկին. ես բնություն ունիմ ամենուն հետ սիրով վարվելու։

Անթոս — Բազմաստվածյան մես ուրեմն, մինչդեռ գրական ասպարեզի վրա միաստվածյան ըլլալու է ոք։

Փիլոպիպղոս — Քու ըսածդ ալ կընդունիմ։

Անթոս — Բացի ասկից, միայն գրականության կանոններուն հնազանդիլն բավական չէ. օրինակի համար, վարդին քով դդումի ծաղիկ չես ուզեր տեսնել, սակայն դդումի ծաղկին շատ անգամ վարդ կ՝անվանես։

Փիլոպիպղոս — Լիթռեն կըսե թե...

Անթոս — Լիթռեն ինձի ալ ըսած է ձեզի ըսածը։

Փիլոպիպղոս — Դդումի ծաղիկն քաջալերելու նպատակավ այսպես կը վարվիմ։

Անթոս — Զեզի համար վարունգն, կաղամբն իսկ մեծանուն են, հռչակավոր են, մահարձաններու արժանի են, անմահ են, պատմության դասագիրք մը կազմելու իրավունք ունին, այնպես չէ՞։