Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղավնի — Պարտատերներես փախչելու համար ուր վազելս չեմ գիտեր՝ կաղաչեմ, ազատե՝ զիս։

Ծիծաղ — Ի՞նչպես ազատեմ, պարտատերներե ազատ մնալու միջոցն պարտքը վճարելն է, ես իմ պարտքերս չեմ կարող վճարել։ Հարուստներուն չերթա՞ս։

Աղավնի — Քանի մը հարուստներուն դիմեցի, օգնեցին քիչ մը, բայց պարտքս մեծ է։

Ծիծաղ — Ի՞նչպես ինկար պարտքի տակ, վանահայրությո՞ւն ըրիր, թե դասատվություն։

Աղավնի — Ոչ մին և ոչ մյուսն առանց մեկե մը դրամ առնելու պարտական եղա, ասոր համար կաղաչեմ քեզի, որ պոշտպանես զիս:

Ծիծաղ — Գործն ի՞նչ է, հասկնամ անգամ մը։

Աղավնի — Մեր թաղը բնակվող ժողովուրդն փափագեցավ արձան մը շինել ի պատիվ Արամազդա։

Ծիծաղ — Շատ լավ, Արամազդն ալ մոռնալու չէ։

Աղավնի — Եվ այս շինության գործն ինձի հանձնվեցավ։ Ես ալ թաղիս պատվավոր ճանչցվածներեն ճարտարապետ մը կանչեցի, որ հեռուեն բարի հնդկահավ մը կ՝երևի, և հարցուցի անոր, թե քանի՞ ոսկիով կարելի է կանգնել այդ անդրին։

Ծիծաղ — Հնդկահավին ճարտարապետ ըլլալն ով ըսավ քեզի:

Աղավնի — Ես գիտեի, որովհետև ճարտարապետութեան կ՝ըներ։

Ծիծաղ — Ի՞նչպես հասկցար վարպետ ըլլալն։

Աղավնի — Երբեմն այնչափ կուռեր և երբեմն ալ այնպես մեծաձայն կը կլուկլուկեր, որ անպատճառ մեծ վարպետ մը պետք էր կարծել զինքն։

Ծիծաղ — Ա՜հ, ի՞նչ ըսեմ, որ միամիտ ես, ինչո՞ւ ուռեցքեն և կլուկլուկեն կը խաբվիս։ Շարունակե՛։

Աղավնի — Հարցուցի իրեն, թե քանի՛ ոսկի պեպք է այդ արձանի համար, պատասխան տվավ, թե երկու հարյուր ոսկիով հանձն կ՝առներ շինել տալ այդ արձանը։ Թաղեցիներուս դիմեցի, ըլլալիք ծախքն հայտնեցի, անոնք ալ հավանություն տվին, իրենց մեջ անմիջապես հանգանակեցին այդ գումարն,