Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձի հանձնեցին. ես ալ հանեցի հնդկահավին տվի, որ գործավորները բերե և գործի ձեռնարկե։

Ծիծաղ — Հնդկահավն անդրիագործ... ո՞վ Արամազդ, կամ ես ծիծաղելի եմ կամ հնդկահավն։

Աղավնի — Կաղաչեմ, մի՛ պոռար, Արամազդն չգիտեր այս գործը։

Ծիծաղ — Հայտնի է, որ չգիտեր, եթե գիտնար՝ շանթահար կըներ թե զքեզ և թե հնդկահավն։

Աղավնի — Հնդկահավն անմիջապես անդրիագործի մը կերթա և արձանի մը պատկեր գծագրել կուտա, որովհետև ինքը չգիտեր եղեր։

Ծիծաղ — Հարկավ չպիտի գիտնա։

Աղավնի — Հետո այդ պատկերը գործավորներուն կը հանձնե հրամայելով, որ անոր մեկ արձանը շինեն։ Գործավորները աշխատիլ կսկսին, երեք շաբաթ չանցնիր՝ երկու հարյուր ոսկին կ՝սպառի։

Ծիծաղ — Հապա արձա՞նը։

Աղավնի — Արձանին ալ մեկ ոտքը միայն կը շինվի։ Մոռցանք ըսելու, որ արձանին քարն ալ մեկե մը ձրի կը տրվի։ Հնդկահավին կերթամ բացատրություն կը պահանջեմ։

Ծիծաղ — Հնդկահավեն բացատրությո՜ւն... ո՜վ Արամազդ, ինչո՞ւ այսչափ միամիտներ...

Աղավնի — Հնդկահավն կը պատասխանն, թե Արամազդին ոտքը սքանչելի կերպով շինվեցավ, և թե պիտի աշխատի մյուս ոտքն ավելի աղվոր շինել տալու։ Իրեն կըսեմ, թե դրամն սպառած է, և դեռ ոտք մը միայն ունինք այդ քարին վրա. հոգ մի ըներ, կըսե. կամաց, կամաց մյուս ոտքն ալ կըլլա։

Ծիծաղ — Եվ խեղճ Արամազդն մեկ ոտքի վրա կայնելով կսպասե, որ ձեր բանակցությունն լմննա։

Աղավնի — Այո՛, կը հոգնի խեղճ Արամազդը, ամիս մը մեկ ոտքի վրա կայնելով. կը հոգնիմ ես հնդկահավին խոսք չկրնալով հասկցնել, կը հոգնին թաղեցիներն հնդկահավին կլուկլուկն լսելով, ի՜նչ օգուտ, անգամ մը գործի սկսած ենք, լմնցնելու է։ Նորեն թաղեցիներուն կը դիմեմ, ոտներուն