Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիյնամ, Արամազդին խեղճությունն իրենց կը ներկայեմ, կը պաղատիմ, կաղաչեմ, կուլամ, կողբամ և վերջապես կը հաջողիմ հարյուր հիսուն ոսկի ևս հավաքել։ Այս գումարն ալ կը հանձնեմ հնդկահավին, աղաչելով՝ որ անով գործը լմնցնե։ Ամիս մը կանցնի և այդ գումարով Արամազդին ձեռք մը միայն կը շինե։ Ձախ ոտք մը և ձախ ձեռք մը։

Ծիծաղ — Ձախորդությամբ սկսված գործերը միշտ այդպես կըլլան։

Աղավնի — Հնդկահավդ աստվածներու, գոնե մյուս ոտքն ալ շինեիր լմնցնեիր և հետո ձեռքին սկսեիր։

Ծիծաղ — Այս դիտողության ի՞նչ կը պատասխանե։

Աղավնի — Կըսե թե արձանագործության սկզբունքին հակառակ է։

Ծիծաղ — Ո՜վ արձանագործություն... ո՜վ հնդկահավ... ո՜վ աղավնի...

Աղավնի — «Ինչո՞ւ մեզի ըսիր առաջուց, թե երկու հարյուր ոսկի կը բավե, և հիմա այսպես կը խաղցնես մեզի, մենք որոշում տված էինք հրաժարիլ այս ձեռնարկութենե՝ եթե երկու հարյուր մեկ ոսկի ծախք պահանջեր», կըսեմ հնդկահավին. ասոր կը պատասխանե, թե հարյուր հիսուն ոսկի ևս առնելով՝ կը խոստանա գործն ամբողջացնել։ Այս գումարն հայթայթել կարելի չէ. արձանն կիս կատար ձգելն անհնար է. ո՞ր ճամբան բռնեմ, ամենն ալ անել են։

Ծիծաղ — Հիմարանոցի ճամբան։

Աղավնի — Նորեն կերթամ թաղեցիներուն, իրաց վիճակն կը նկարագրեմ, ամենքը կը բարկանան, կը պոռան, կը կանչեն։ Խոհեմության կը հրավիրեմ զիրենք, անխոհեմության կերթան անոնք։ Հնդկահավին փաստաբանին կը դիմեմ, որ դերձակության վկայական ունի և իրավագիտության պաշտոն կը վարե, կը հարցնեմ իրեն, թե ինչ կը վայելե ընել արձանին խնդրույն այս վիճակին մեջ։ Պատասխան կուտա թե...

Ծիծաղ — Արձանին ձեռք մը լաթ շինել կը վայելե, այնպես չէ՞։

Աղավնի — Կը պատասխանե, թե ժամանակն նեղ է և գոգցես իմն Արամազդն ալ առ այժմ մեկ ձեռքով և մեկ ոտքով