Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավականանա, թե դրամական վիճակն բարվոքվելուն պես՝ մյուս ձեռքն և ոտքն ալ կը շինվին։


Ծիծաղ — Իրավունք ունի, որովհետև ինքն ալ դրամական նեղության ժամանակ ստեղծված լինելով՝ առանց ուղեղի աշխարհ եկավ, և մինչև այսօր ալ առանց ուղեղի կը գործածե ինքզինքն, խեղճը ժամանակ չունեցավ ուղեղի մը տեր ըլլալու։


Աղավնի — Փաստաբանին կարծիքն հաղորդեցի ուրիշներուն, խնդացին, ոմանք լացին, ոմանք ալ խորհուրդ տվին, թե արձանն յուր ոտքովն և ձեռքովն հնդկահավին տալու է, և տրված գումարներն իրմեետ պահանջելու է. ոմանք ալ գործն թերակատար ձգելու է ըսին, ոմանք ալ իրենց տված գումարներն ետ ուզել սկսան, ոմանք ալ սկսան հորդորել ուրիշներն, որ այսուհետև ստակ մը չտան, ոմանք ալ, ի՜նչ գիտնամ... այլ և այլ կարծիքներ կը հայտնեին, և հնդկահավն, պատճառ այս շփոթություններուն, ուռելով կուռեր և կլուկլուկելով կը պոռար։

Ծիծաղ — Վե՞րջը։

Աղավնի — Վերջը անոր ասոր աղաչելով հարյուր հիսուն ոսկի ևս գտա և տվի հնդկահավին, որ այդ վերջին գումարով ավարտե անդրիին շինությունն։ Այս գումարն կը բավե, ըսավ, և գնաց։ Արդարև ամիս մր ետքը տեսանք, որ Արամազդա արձանն ամբողջացած կանգնած է աստվածին մեհյանին առջևը։

Ծիծաղ — Գոնե լավ շինված է։

Աղավնի — Լավն չեմ գիտեր, բայց այնքան մեծ շինված է, որ մեհյանը արձանին քով իբրև պզտիկ արձան մը կերևի, շատերն արձանը մեհյան կարծելով՝ անոր մեջ մտնել կուզեն աղոթելու համար։

Ծիծաղ — Ինչպես կիսեն՝ դուռը տունեն մեծ եղած է։

Աղավնի — Մենք ալ ուրախացանք, որ սա գործեն խալսեցանք։ Շատ չկրեինք ուրախանալ, երկու օր վերջը վանդակիս դռնակն ափ առին։

Ծիծաղ — Որո՞նք։

Աղավնի — Գործավորներն։

Ծիծաղ — Ինչո՞ւ։