Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե զարնողն առաջուց իմաց չտալուն համար՝ զարնելիքն, պաշտպանյալդ վախցեր է և բժիշկներն կը հայտնեն, թե վախեն մահացու ախտեր կրնան աղբերանալ։ Այսպես ողբալեն ետքը՝ պիտի առաջարկես, որ ոճրագործն երկու հազար ոսկի տուգանաց դատապարտվի և մահու վճիռ ալ տրվի հօրինակ այլոց, որ զգուշանան այսուհետև այսպիսի քստմնելի եղեռնագործություններ ընելե։

Բարոյական — Զվարճալի բան է փաստաբանությունն. բայց, կաղաչեմ, ինչպես փաստաբանել հարկ էր, եթե դանակով զարնող մը պաշտպանել հարկ ըլլար։

Ծիծաղ — Այն ատեն սա լեզուն պիտի գործածեիր. «Կը զարմանամ դանակ բառին վրա, որ բնավ գոյություն չունի այս խնդրույն մեջ. իսկ ավելի կը զարմանամ այն սև զրպարտության վրա, որով անջնջելի արատ մը, ըստ իս մահացու արատ մը կը փորձեն քսել պաշտպանյալիս վրա և ընկերականության մեջ իբր վայրենի գազան մը կուզեն ներկայացնել իմ պաշտպանյալս, որուն ինչ առաքինի, առատաձեռն, բարերար, գթասիրտ, ա. բ. գ. են մինչև և, օ, ֆ, մեյ մեկ ածական կը գտնես, ըլլալն աշխարհ Արարատ կը վկայե։ Ասանկ զրպարտություն մը առաջին անգամն է, որ կը լսվի: Գալով բուն խնդրույն, պաշտպանյալս ի նշան ջերմ բարեկամության յուր մտերիմին երեսը շոյեր է, մտերիմներն, պես բնական է, ի նշան սիրո իրարու երես կը շոյեն։ Բարեկամն կատակե չախորժելուն համար, որ անբնական է, բարկացեր է, և դատ բացեր է։ Երեսին կարմրությունն ուրիշ բան չէ, եթե ոչ ամչնալու նշան (եթե արու է), որդան կարմիրի արդյունք (եթե էգ է) և ուռեցքն ալ գիրության նշան է. արդեն ինքն լուբիա շատ կուտե և գարեջուրն տակառներով կը խմե, և այս ըսածս կարող եմ լրագիրներով հաստատել։ Իսկ երեսին վրա տեսնված պատառվածին մասին, կը հայտնեմ, թե աս նոր բան մը չէ, ամեն կենդանիներ կը վկայեն, թե անոր երեսն շատոնց պատռված է և այս անգամ ինքն ալ կը հաստատե զայս, դիմելով այնպիսի զրպարտության մը, որուն նմանը տեսնված չէ ցարդ։ Կը ցավիմ, որ պաշտպանյալս չէ կրցած աղեկ ճանչնալ յուր բարեկամն։ Ինչ որ է, ձեզ կը թողում երևակայել այն կորուստներն և վնասներն, զորս