Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պաշտպանյալս կրեց, այս խնդրույն պատճառավ յուր առևտուրն դադրեցնելով. ուստի կը խնդրեմ, որ հակառակորդն տուժե պաշտպանյալիս վնասներն և զրպարտչի պատժով պատժվի՝ այսինչ հոդվածին տրամադրությանը համաձայն:

Բարոյական — Իմ ընելու գործս չէ աս, Ծիծաղ, չէ, չէ, չէ...

Ծիծաղ — Հասկցա՞ր հիմա, դուն դյուրին բան մը կը կարծեիր:

Բարոյական — Ուրիշ գործ մը կընեմ, բավական է, որ աշխատասեր եմ։

Ծիծաղ — Ի՞նչ գործ, զրուցե՛, որ պատասխանն առնես։ Ես քու թշնամիդ չեմ և կուզեմ, որ երջանիկ կյանք վարես, ինչպես նաև նույնը կը մաղթեմ նույնիսկ թշնամիներուս համար ուստի չկարծես, թե քեզմե բաժնվիլ չուզելուս համար դժվարություններ կը հարուցանեմ։

Բարոյական — Չէ, ինչո՞ւ պիտի կարծեմ։

Ծիծաղ — Արդարև առանց քեզի վայրկյան մը չեմ կրնար ապրիլ ես, թեև դու առանց ինձի կապրիս և թերևս ավելի երջանիկ, այսու ամենայնիվ չեմ ալ ուզեր ապագայիդ վնասել։

Բարոյական — Առանց ինձի ինչո՞ւ չպիտի կրնաս ապրիլ, այդ խոսքը չեմ ընդունիր, ուրիշներն ի՞նչպես կապրին, դուն քու տնօրենությանդ տակ այնքան շուներ ունիս, տե՛ս, ամենքն ալ պառկած կը քնանան, չկանչե՞ս Կրիաիկոսն, Փիլիսոփան, Պուետն և այլն և անոնց հետ չխոսի՞ս։

Ծիծաղ — Անոնց հետ ալ պիտի խոսիմ ժամանակին, բայց քեզի հետ միշտ խոսելու ստիպված եմ։ Մինչև այսօր վերջին խոսքը միշտ քեզի տված եմ. իմ և ուրիշ կենդանիներուն խոսքերն դուն չե՞ս կնքած ցարդ, ամեն վճիռն դուն չե՞ս արձակած։

Բարոյական — Այո։

Ծիծաղ — Ուստի կարծեմ, թե խիստ նշանավոր և փայլուն դիրք մը տրված է քեզ։

Բարոյական — Չեմ ուրանար։

Ծիծաղ — Հետևապես քու ներկայությունդ անհրաժեշտ է.