Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


այսու ամենայնիվ եթե շահավոր գործ մը գտնես գնա՛, ի՞նչ ընեմ, ես ալ ետևեդ կուգամ։

Բարոյական — Եթե դասատվություն ընեմ, չե՞մ կրնար ապրիլ:

Ծիծաղ — Ուֆ... ի՞նչ ըսեմ։ Դասատվությունն ալ, եղբայր Բարոյական, կարծվածին չափ դյուրին չէ. ան ալ ունի յուր նեղությունները, վիշտերն, շողոքորթություններն, անոթություններն։ Ամենեն առաջ սա գիտնալու ես, որ ամսականդ ուզելու իրավունք չպիտի ունենասբնավ, եթե երկու տարի իսկ չվճարեն քեզի։ Դասատուի մը բնավ ներելի չէ ամսականներն պահանջել հոգաբարձութենեն, որ անձնվիրաբար կը վարե յուր պաշտոնը։ Անոթութենե մեռնելու ալ ըլլաս՝ հանցանքը քու վրադ կը ծանրանա և հոգաբարձությունն կարդարանա, վասնզի նա առանց վարձատրության աշխատելուն համար իրավունք կունենա ուրիշներուն վնասելու։ Հոգաբարձության գլուխն կը ցավի եթե իրմե ամսականդ պահանջես։ Ասկից զատ...

Բարոյական — Ասկե զատ դեռ ինչ կրնա ըլլալ, քանի որ ամսականս պահանջելու իրավունք չեմ ունենար։

Ծիծաղ — Տեսար ուրեմն, թե որքա՛ն դժվար է գործ գտնել առանց դրամագլուխ ունենալու։

Բարոյական — Աս ալ չեղավ. բայց վերջապես գործ մը կրնամ գտնել կարծեմ, տասը հազար ոսկիով կին մը կառնեմ...

Ծիծաղ — Այս մասին օր մը կը խոսինք։ Շատ գործ կա, բայց քեզի համար գործ չկա, Բարոյական, միտքս չես հասկնար։

Բարոյական — Երթամ ուրեմն ինքզինքս ծով նետեմ։

Ծիծաղ — Ամենևին, քու կոչումդ է ինձի հետ ապրիլ և պետք է, որ քովս մնաս միշտ։

Բարոյական — Ըսել է թե՝ դրսեն դյուրին և աղվոր երևցող շատ մը արվեստներ, շատ դժվարություններ և տգեղություններ ունին, և թե յուրաքանչյուր ոք իրեն հատուկ ասպարեզին մեջ կրնա երջանկություն և պատիվ վայելել։