Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բյուրե բխած է և մանավանդ, թե նմանօրինակ դեպքեր մարտերու մեջ ամեն օր տեղի կունենան։

Կրիա — Ի՞նչ կըսեք։

Շուն — Ի՞նչ պիտի ըսեմ, անհավատալի դեպք մը չէ:

Կրիա — Բայց չգիտե՞ր մարդն, որ թռչելու համար թև պետք է։

Շուն — Կը կարծե, թե առանց թևի ալ կարելի է թռչիր

Կրիա — Ուրեմն Եզոբոսն կրիային վրայոք ստություններ գրելով մարդն կրթելու տեղ լավ կըներ՝ եթե մարդերու մեջ տեղի ունեցած ծաղրաշարժ ճշմարտություններն գրի առներ և կրիան զվարճացներ։

Շուն — Վերջապես չես ուզեր խոստովանիլ, թե երբեմն ունեցած ես փափագ թռչիլ սորվելու։

Կրիա — Մարդերու հաճո երևնալու համար զրպարտե՞մ ինքզինքս, բարեկա՛մ, ասանկ ճամբորդություն մը երևակայելն անգամ հիմարություն է։

Շուն — Մի՛ բարկանար, հարցապնդում մը ըրի պարզապես։

Կրիա — Բայց մարդու հիմարություններն թեթևցնելու համար խենթություններ վերագրել կրիային՝ ողջամտության գործ չէ։

Շուն — Ներեցե՛ք։

Կրիա — Ներելու բան չկա. այսուհետև կրիա մը տեսած ժամանակդ խնդալդ չգա, այլ մարդու հանդիպած ատենդ թո՛ղ հրամմե ձեր ծաղրը։

Շուն — Մի՛ վշտանար։

Կրիա — Փռյուգացի առակախոսին ալ ամեն ըսածներուն մի՛ հավատար, կարելի է, որ հարուստե մը քանի մը ոսկի առնելով՝ գրած ըլլա այդ կեղծիքը։

Շուն — Հավանական է։

Կրիա — Եզոբոսը քեզի համար ալ կը պատմե, որ օր մը բերանդ միս բռնած գետի մը մեջ լողացած ատենդ, մսին ստվերն կը տեսնես ցամաքին վրա և միսն անմիջապես ձգեյով ստվերին ետևեն կը վազես և բերնիդ միսն ալ կը կորսնցնես։