Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնեմ ձեզ այն համակրության համար, զոր կը տածեր ավանակներու նկատմամբ. սակայն չեմ ընդունիր այն գովեստներն, որ խիստ բարձր են արժանիքես...

Ծիծաղ — Ո՜վ համեստություն... ինչո՜ւ մարդեն կը փախչիս...

Ավանակ — Եթե երբեք արժանիք կրնա համարվիլ անկեղծությունն՝ զոր ունենալու և կամ ուսանելու համար տարիներով դպրոցական գրասեղաններու վրա նստելու պետք չկա:

Ծիծաղ — Այո՛, ձեզի պարծանք, պատիվ և փառք չեք սեպեր անկեղծությունն, որով կը փայլիք։

Ավանակ — Նույնիսկ տարօրինակ կը գտնեմ համակրությունն, որ անկեղծութենե կը գրավվի, միթե կարելի՜ է, որ էակ մը անկեղծ չըլլա։

Ծիծաղ — Ո՜վ առաքինություն... վերջապես ավանակներու քո՜վ քաշվեցար...

Ավանակ — Եվ եթե մեկն ուզե իսկ կեղծ ըլլալ՝ ի՞նչպես կրնա հաջողիլ։

Ծիծաղ — Դիմակով։

Ավանակ — Դիմակն ի՞նչ է։

Ծիծաղ — Բարեկենդանի շաբթուն մեջ չհանդիպեցա՞ր բնավ մարդերու՝ որ իրենց դեմքին վրա կաշիե, թուղթե և կամ թավիշե շինված այլ և այլ կենդանիներու դեմքեր անցուցած՝ փողոցներու մեջ ասդին անդին կը վազեին։

Ավանակ — Տեսա, բայց ինչ ըլլալը չհասկցա։

Ծիծաղ — Ահա անոնց դիմակ կըսեն։

Ավանակ — Բայց ինչի՞ նշանակ են անոնք։

Ծիծաղ — Նախ և առաջ հույն դերասաններն գործածած են դիմակը թատերաբեմին վրա, յուրաքանչյուր դերասան իրեն ներկայացնելիք անձին պատկերին համանման դեմք մը կանցուներ յուր երեսը. օրինակի համար, եթե կեղծավոր ձևացնել ուզեր, դեմքին վրա կը դներ մորուքվոր դիմակ մը, որուն աչերը սև լաթով մը կը գոցվեին. եթե իմաստակ մը ներկայելու վրա ըլլար խնդիրն՝ Գոգցես Իմնի դեմքին նման կաշիե դիմակ մը կը գործածեր. եթե ագահի դեր կատարել հարկ ըլլար՝ ինքնօգնություն վաճառող ծերունվույն դեմքին կը հարմարեցներ իրենը, եթե անտանելի մեկն կեղծել պետք