Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազդեցություն ունի բնավորոլթյան վրա. ուստի կեղծավորության դիմակին վարժվողի մը համար խիստ դժվար է անկեղծի դիմակ կրել, թեև անհնար չէ, եթե կամքը տիրե։ Մեծարո Ավանակ, ճշմարտությունն այնպիսի լեզու մէ, որ ոչ հին հունարենին կը նմանի, ոչ գերմաներենին, ոչ հին հայերենին, ոչ նոր հայերենին և ոչ ալ այն հայերենին, որ ոչ նոր է և ոչ հին այլ բացառիկ լեզու մէ, որուն հնչմունքն ալ դժվար է, համաձայնությունն ալ, ուղղագրությունն ալ։

Ավանակ — Ի՞նչ կըսեք:

Ծիծաղ — Ճշմարտությունն խոսիլն դժվար է, լսելն ավելի դժվար, իսկ զայն հասկցնելն ամենեն ավելի դժվար, ուստի ո՞վ կուզե սորվիլ ասանկ մեռյալ լեզու մը, մեռյալ կըսվի այն լեզուներուն, որ չեն խոսվիր այսօր վաճառականական, լրագրական, դիվանագիտական, փաստաբանական ճյուղերուն մեջ, քանի որ նոր լեզուներ կան, ինչպես են կեղծավորությունն և յուր պարագաներն, որոնց բառերն այնքան դյուրաթավալ կը գլորիմ լեզվին ծայրն և այնչափ ախորժելի են անմիտ ականջներու։

Ավանակ — Եթե հաճույքի համար սորվիլ ուզե ոք ճշմարտության լեզուն, ի՞նչ եղանակավ պետք է ուսնիլ։

Ծիծաղ — Վարժությամբ, Օլենտորֆի դրությամբ, լեզուն պետք է, որ վարժվի այդ բարբառին. ինչպես որ շատեր կան, որ գերմաներեն գիտեն և չեն կրնար զայն խոսիլ, նույնպես գտնվին շատեր, որ գիտեն ճշմարտությունն, այլ զայն չեն կարող խոսիլ, որովհետև վարժություն ըրած չեն, որովհետև ճշմարտության դիմակն հանած են, և ճշմարտությունն անանկ լեզու մէ, որ չխոսվելուն պես՝ կը մոռցվի... ահ, այն դիմակները...

Ավանակ — Դիմակներն շատ հանցավոր են։

Ծիծաղ — Եվ դուք դիմակ չունիք, ձեր բնական դեմքով կը ներկայանաք միշտ, և ասոր համար ձերն է ապագան։ Սակայն զգուշացե՛ք վնասակար բաներու վարժվելե, վերջը չեք կրնար առաջքն առնուլ։ Կը ճանչնամ մեկն, որ ամեն իրիկուն գինետուն կերթար։ Օր մը այս արարածն միտքն դրավ, որ մեհյան երթա աղաչելու համար աստվածներուն, որ յուր զավակներուն խելք տա։ Այս նպատակավ ճամբա ելավ, բա-