Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավանակ — Գլխուս վրա։

Բարոյական — Բարիին վարժեցուցեր ձեր լեզուն, ձեր աչերը, ձեր սիրտը, ձեր ոտները և ձեռները և մի՛ վախնաք, վասնզի պիտի գա օր մը, որ բարի մարդը պիտի հարգվի:


ՍՈՎՈՐՈԻԹՅՈԻՆ...

Տեսարանն է ախոռի մը մեջ.

Կնիկը — Սիրելի էրիկս, բարեկենդան է, և ասանկ օրեր սովորություն է ընդհանրապես անուշ և հավ ուտել։

էրիկը — Այդ սովորությունն ես ալ գիտեմ, բայց ին՞չ ընեմ, չկրցի ճարել ըսածներդ։

Կնիկը — Չճարել կըլլա՞, այսչափ տարվան սովորությունն կընանք վերցունել։

էրիկը — Ի՞նչ ընեմ, ժամանակ չունիմ առնելու։

Կնիկը — Հավանոց մը գնա՛, քանի մը հավ հափշտակե՛, եկո՛ւր՞։

էրիկը — Չեմ կրնար հավ հափշտակել, պահապան չուներ կան։

Կնիկը — Տուն մը գնա, գողցի՛ր, ի՞նչ ընենք, բարեկենդան է, սովորություն է...

էրիկը — Գողությո՞ւն ընել սովորություն է։

Կնիկը — Չէ, հավ և անուշ ուտել, գոնե թիկնոցդ ծախե՛ և հավ մը դնե։

էրիկը — Առանց հավի և անուշի բարեկենդան չըլլար։

Կնիկը — Հարկավ չըլլար, վերջապես այս գիշեր հավն և անուշն բերելու ես։

էրիկը չկրնալով դիմանալ կնկանը թախանձանաց, տան մը խոհանոցը կը մտնե անուշեղեն գողնալու համար և աղեկ մը ծեծ ուտելեն ետքը տքալով բնակարանը կը դառնա։

Կնիկը — Ո՞ւր է հավն, ո՞ւր է անուշը։

էրիկը — Ես կերա, գնա՛ դուն ալ կեր՝ եթե կուզես, ըհ...

Կնիկը — Ինչո՞ւ կը տքաս։

էրիկը — Անուշեն... ոսկորներս կոտրեցին, կնի՛կ, ոսկորներս...