Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնիկը — Որչափ գեշ բան է ոսկոր ունենալը... ուրիշ տեղ մը երթալու և գտնելու է զանոնք, առանց անուշի չըլլար, ամոթ է, տեսնողն ի՞նչ կ՝ըսե... տեր ողորմյա։

էրիկը — Քալելու կարողություն չունիմ, կնիկ։

Կնիկը — Ես հավ կուզեմ, ես անուշ կուզեմ։

էրիկը — Գնա՛, գտի՛ր, ու կե՛ր։

Կնիկը — Ասա՞նկ կնիկ կը նային... վայ գլխուդ... ես ալ կերթամ, ուրիշ տեղ կընեմ բարեկենդանը։

էրիկը — Գնա՛ ըրե։

Կնիկը — Ես հավ կուզեմ, անուշ կուզեմ, ապա թե ոչ, քեզի կը թողում և ուրիշի մը հետ կը կարգվիմ, կ՝իմանա՞ս։

էրիկը — Արդեն դուն քանի մը էրիկ թողած ես, զիս ալ թող, ինչ կըլլա։

Եվ քանի մը շաբաթեն իրարմե կը բաժնվին։

Բարոյական — Որչափ անօգուտ սովորություններ կան, որոնց պատճառավ վեճն ու կռիվն անպակաս են շատ մը տուներու մեջ, և որքան հավեր կան, որ միայն կռիվ հարուցանելու պաշտոն կը վարեն։


ՄԵՂՈՒ ԵՎ ԳԵՈՐԳՈՍ

Ծիծաղ — Պողիգղոտ, սա Մեղվին առևտրական հոդվածը կարդա նայիմ, ընտիր թեյին գինն ի՞նչ է։

Պողիգղոտ — (Կը կարդա) «Գեորգոսը կը նախանձի իմ հոբելյանիս վրա, որուն արժանացած էր Մեղուն յուր մատուցած ծառայություններովը...»

Ծիծաղ — Ատ ի՞նչ է, թեյի խոսք չկա հոն, սըվոր բանասիրականը կարդա, թերևս հոն գրած ըլլա...

Պողիգղոտ — (Կը կարդա) Գեորգոսն այլ և այլ միջոցներու կը դիմե հոբելյանս արատավորելու համար...

Ծիծաղ — Զարմանալի բան... ազգայինը կարդա նայինք, երբեմն հոն կը դնեն առևտրականն...

Պողիգղոտ — (Կը կարդա) Մեր հոբելյանի խնդիրն դժբախտաբար դեռ վերջացած չէ, և...

Ծիծաղ — Կարելի է, որ քաղաքականին մեջ դրված է։