Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Ներկա գործս պիտի խոսի կենդանիներուն վրա, ի բաց առնելով միայն այն կենդանին, որուն մարդ կըսեն տասնևիններորդ դարուս մեջ։


Ինքնին կը հասկցվի, ուրեմն, թե դյուցազներուս խումբը պիտի կազմվի կատուե, գորտե, կապիկե, աղվեսե, գայլե, էշե, սագե, բադն և, վերջապես, այն ամեն կենդանիներեն, որոնց մարդ չեն ըսեր։ Փիլոն հագած կապիկներ, առաջնորդության թեկնածու ագռավներ, իրենց անձն ուղղության օրինակ հռչակող ուղտեր, ներդաշնակության ճաշակ տարածող ավանակներ, պանիրի պահպանության համար իրենք զիրենք ընտրելի ներկայող կատուներ և այլն, ի տես պիտի գան և իրենց դերերն պիտի կատարեն Ծիծաղի ասպարեզին մեջ։


Զերծ անձնականություններ վիրավորելու երկյուղեն, որովհետև քաջ գիտեմ, թե պարոն ուղտն՝ յուր պատիվն արատավորված տեսնելուն համար՝ դատարանե դատարան չպիտի դիմե զիս քանի մը ոսկվո տուգանաց դատապարտել տալու մտոք, ոչ ալ հոգ պիտի ընեմ՝ եթե պարոն ավանակն յուր բարևն դադրեցնե ինձ, առարկելով, թե իրեն արժանապատվությանը դպած եմ, իրենց բնական կերպարանքովն պիտի ներկայեմ այն ամեն կենդանիներն, որոնց մարդ չեն ըսեր, և մատնանիշ պիտի ընեմ գառնասքեմ գայլերն և առյուծամորթ էշերն։


Ազատ անձնականություններ շողոքորթելու ախտեն, որովհետև ո՛չ թղթավաճառի խանութ բանալու միտք ունիմ, ո՛չ արագատիպ դնելու փափագ, ո՛չ հանձնարարական նամակ-