Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պողիգղոտ — «Քաղաքական... Զարմանալի է, որ Գեորգոսն մեր հոբելյանի...»

Ծիծաղ — Ճաթելու բան է աս, Գեորդոսեն և հոբելյանեն ուրիշ բան չկա՞ ասոր մեջ, ծանուցումները կարդա տըվոր...

Պողիգղոտ — (Կը կարդա) «Պատիվ ունինք ծանուցանել, թե Մեղվի հոբելյանին դեմ Գեորգոսին բռնած ընթացքն...

Ծիծաղ — Ձգե, ձգե, շնորհակալ եմ, սորվեցանք թեյին գինը։ Սա Գեորգոսն ի՞նչ կը գրե, կարդա նայիմ առաջնորդող հոդվածն, գարեջուրի մասին ի՞նչ գրված կա։

Պողիգղոտ — Զարմանալի է, որ ժողովուրդը հոբելյանին նշանակությունն լավ չէ ըմբռնած...

Ծիծաղ — Անցի՛ր։

Պողիգղոտ — (Կարդալով) «Թղթակցություն, Մեծապատիվ տեր, ուրախ ենք, որ Մեղվի հոբելյանին դեմ կը շարունակեք ձեր բանասիրական կռիվն...»

Ծիծաղ — Տակինը կարդա՛։

Պողիգղոտ — (Կարդալով) «Պատասխանիք խմբագրության, Գեորգոսն պիտի շարունակե Մեղվի հոբելյանի դեմ...

Ծիծաղ — Հաջորդն...

Պողիգղոտ — (Կարդալով) «Ծանուցմունք, Թե ինչու Մեղվի հոբել...

Ծիծաղ — Թող մնա, ալ չեմ ուզեր, մի՛ կարդար, ասոնց երկուքին ալ անունը հոբելյան դնելու է, որ քիչ մը ուրիշ նյութերու վրա սկսին գրել։

Բարոյական — Անձնական կրից գերի եղողն արժանի չէ զարգացման գործին մշակ գրվիր կամ զարգացման գործին աշխատող մեղուն անձնական կրից երես տալու չէ։


ԾԻԾԱՂՆ ԵՎ ԿԱՊԻԿՆ

Ծիծաղ — Կրնա՞ս քիչ մը քովս գալ, պարոն Կապիկ, քեզի հետ քիչ մը խոսիլ կուզեմ։

Կապիկ — Կ՝ընդունիմ ձեր հրավերն։

Ծիծաղ — Հրամմե՛։

Կապիկ — Շնորհակալ եմ։