Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծիծաղ — Ի՞նչ գործով կզբաղիս։

Կապիկ — Բավական ժամանակե ի վեր գործ չունիմ, պարապ կը պտըտիմ։

Ծիծաղ — Կը փափագի՞ս ծառայության մտնել, իմ քովս։

Կապիկ — Բոլոր սրտովս։

Ծիծաղ — Ես ալ կընդունիմ քեզի, միայն թե նախապես երաշխավոր մը ցույց տալու ես, որ վստահացնե զիս, թե հավատարմությամբ պիտի ծառայես ինձ։

Կապիկ — Կը կասկածի՞ս հավատարմությանս վրա։

Ծիծաղ — Ի՞նչ գիտնամ... շատ կը նմանիս մարդու, նույնիսկ ըսողներ եղած են, թե մարդը հայրդ է, թե...

Կապիկ — Նախատե՞լ կուզեք զիս։

Ծիծաղ — Թե մարդն քեզմե ծնած է։

Կապիկ — Այդ անպատվությունն չեմ ընդունիր բնավ երբեք։

Ծիծաղ — Գոհ եմ այս հայտարարություններեդ, տուր ձեռքդ թոթվեմ։ Ըսե ինձ հիմա, թե ի՛նչ կուգա ձեռքեդ։

Կապիկ — Լամարթինի հետևողությամբ աղվոր ստանավորներ կը գրեմ, Պրոտորոմոս վարպետի նմանողությամբ պատվական կաթնապուր կեփեմ. Մաքս-Մյուլլերն առջևս ունենալով՝ գրաբարի և աշխարհաբարի խնդիր կը լուծեմ, դերձակի մը նմանելով պատռտած թիկնոցներ կը կարկտեմ. Պոսյուեի օգնությամբ դամբանականներ կը խոսիմ։ Պրոտորոմոսի շնորհիվ համեղ ապուխտ կը պատրաստեմ, վերջապես ամեն բան ձեռքես կուգա. փորձի համար հրամայեցեք բան մը և պատրաստեմ։

Ծիծաղ — Ի՞նչ հրամայեմ։

Կապիկ — Ինչ որ կուզեք, օրինակի համար, ոտանավոր մը կամ պիֆտեք մը...

Ծիծաղ — Չէ՛։

Կապիկ — Դամբանական մը կամ զույգ մը գուլպա... ըսեք վերջապես բան մը... ապուխտ կամ աստղագիտություն կամ զույգ մը կոշիկ...

Ծիծաղ — Եթե ժամանակ ունենաս բանթալոն մը կարե՛. դասատու մը կա, անոր կուտանք, և զույգ մը կոշիկ Սկոտոսի խմբագրին համար պատրաստե՛։