Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Շատ լավ, քանի մօրեն կառնեք։ Քիչ մը դրական փիլիսոփայություն կամ տոմաթեսի ջրով բրինձի ապուր չե՞ք ուզեր։

Ծիծաղ — Թող մնա այժմ։

Կապիկ — Դուք գիտեք, կրնաք վստահ ըլլալ, թե ամեն գործ կուգա ձեռքես, բավական է, որ առաջնորդ մունենամ հետևելու։

Ծիծաղ — Գոհ եմ քու հատկություններեդ։

Կապիկ — Մեծահռչակ ատենաբաններու պես ճառեր կարտասանեմ եթե հարկը պահանջե։

Ծիծաղ — Ուրախ եմ, շատ օգուտ պիտի քաղեմ քու ծառայութենեդ։

Կապիկ — Մանավանդ եթե զիս խաղցունես՝ ասպարեզի մեջ շատ դրամ կը վաստկիս, անանկ խեղկատակություններ կընեմ, որ խնդալեն կը ճաթեցունեմ շուրջս գտնվողները։ Կնիկներուն երեսը չնայելու համար ուխտ ընողները կը ներկայացնեմ քովընտի նայելով աղվոր աղջիկներուն, բազմության մեջ սիրո գաղտնի բարև փոխանակող երիտասարդ կը կեղծավորիմ այնպիսի կերպով մը, որ աշխարհ կը տեսնե իմ բարևներս և ես մինակ կը կարծեմ, թե ոչ ոք տեսավ զանոնք. ժամերով հայելիի առջև կայնող ութսունամյա կնիկները, չորս կողմ կոտրտվելով քալող աղջիկները, աղջկան մը աղջիկտեսի օրը ունեցած վարմունքն և այլն, և այլն, և այլն. այնչափ բնական կը ներկայացնեմ, որ շատերուն զարմանք կը պատճառեմ, մեկ խոսքով կրնամ ձեզի օգտակար ըլլալ։

Ծիծաղ — Ես ալ այնպես կը հավատամ. միայն գիտնալ կուզեմ, թե դուն միշտ նմանողությա՞մբ կը կատարես ամեն բան։

Կապիկ — Այո, անձնես բան մը չեմ կարող ընել առանց առաջնորդի։

Ծիծաղ — Եվ վեհանձնությամբ կը խոստովանիս զայս... ապրի՛ս։

Կապիկ — Այո՛, ինքնիրմես կես տող ոտանավոր չեմ կարող գրել, իսկ նմանողությամբ իլիականներ կստեղծեմ, պրասով միս կեփեմ...

Ծիծաղ — Շատ լավ, պատրաստե ինձի ճառ մը, ոտանա-