Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծիծաղ — Դեռ կը խոսի՜ս, աղբանոցի քովն իսկ շատ է քեզի համար, գնա՛, եթե կ՝ուզես՝ բանաստեղծներու քով, որ զքեզ շփացած աղջիկ դարձուցին իրենց ունայնամտությամբը։ Գիտցիր միանգամայն, որ եթե անգամ մ՝ալ դեմ խոսիս ինձ՝ կը բզքտեմ զքեզ և մյուս շուներուն առջև կը նետեմ:

Համբավ — Ինձի պես ազնվական մը...

Ծիծաղ — Ազնվականությունն ալ գետնին տակն անցնի։

Համբավ — Դիցուհի մը այսօր շուներու կարգը դասվի... ի՜նչ անպատվություն... ի սեր գեղեցիկ դպրությանց, ո՜վ բանաստեղծներ, ազատեցեք զիս այս շան ձեռքեն։

Ծիծաղ — Լռե՛ կ՝ըսեմ քեզ, ապա թե ոչ հիմա կր խղդեմ, արդեն գիտես, թե որքան հակակիր եմ քեզի և թե որքան կը փափագիմ երկու թաթերս կոկորդդ խոթելու և աղիքներդ բերնեդ դուրս քաշելու... ո՜ւր էիր երկու օրե ի վեր...

Համբավ — Ո՜ւսկից կուգա այդ հակակրությունդ։

Ծիծաղ — Պարտական չեմ ես հակակրությանս համարատվությունն ընել քեզ, միայն դիտեմ, թե հակակիր եմ քեզի և դուն ալ այս չափը միայն գիտնալու ես։ Ո՞ւր էիր երկու օրե ի վեր, անբարոյակա՛ն։

Համբավ — Ո՛վ Արամազդ, դուն համբերություն տուր ինձի։

Ծիծաղ — Դուն ալ պատասխան տուր ինձի՛, եթե ոչ ակռաներս պատրաստած եմ...

Համրավ — Սինոդ երթալու համար ճամբա ելնելուս պես թևես քաշեց մեկն, և յուր վաճառատունը մտցուր հայտնելով, թե շատ կը փափագի իմ ներկայությունս վայելելու։ Անկե դուրս ելնելու չմնաց, բանաստեղծ մը գիրկն առավ զիս, շոյեց, գգվեց...

Ծիծաղ — Ո՜վ կատաղությանս... լռե ... վերջը ո՞ւր գնացիր...

Համբավ — Գիտուն մը քաշեց թաթես և թախանձելով ինձ որ միշտ քովը մնամ, սկսավ լեզուս պագնել...

Ծիծաղ — Լռե՛... մանրամասնություն չեմ ուզեր, չեմ ուզեր, չկրցի՞նք հասկցնել... շարունակե՛։

Համբավ — Ոտքերս պագնել...

Ծիծաղ — Լռե՛... շարունակե՛։