Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համբավ — Վերջը բժիշկ մը աղաչեց ինձի, որ իրմե ուրիշին չերթամ...

Ծիծաղ — Այս ինքն եթե հիվանդ ըլլաս։

Համբավ — Չէ, կուզեր զիս միշտ յուր քով տեսնել։

Ծիծաղ — Սուտ կը խոսիս, լռե՛... ինչո՞ւ լռեր ես և չես խոսիր, ապուշ։

Համբավ — Անկե պրծա և փաստաբանի մը հանդիպեցա, որ հայտնեց, թե առանց ինձի չէ կարող ապրիլ, թե կը մեռնի ինձի համար...

Ծիծաղ — Լռե՛։

Համբավ — Լռեցի։

Ծիծաղ — Ինձի հետ խեղկատակության կելնես... չպատմե՞ս ինձ, թե ուր էիր երկու օրե ի վեր։

Համբավ — Թույլ չես տար, որ պատմեմ. հետո աղջիկ մը տեսավ ինձի և վիզս փաթտվելով...

Ծիծաղ — Այդ կետերն անցիր, սինոդին մեջ ի՛նչ եղավ։

Համբավ — Սինոդին մեջ քսանի չափ կենդանիներու բացակայության նամակներ կարդացվեցան։ Մին տզրուկ փակցուցած ըլլալուն պատճառով բացակա գտնվիլն հայտնելով ներումն կը խնդրեր։ Երկրորդը կամուրջեն անցնելու համար դրամ չունենալն ծանուցանելով՝ ցավ կը հայտներ, թե պիտի զրկվեր նույն օրն կենդանիներու կենսական շահերն պաշտպանելու իրավունքեն։ Երրորդը կը հայտարարեր, թե նշանածին նամակ գրելու զբաղած էր, և թե չպիտի կրնար սինոդին ներկա գտնվիլ։ Չորրորդը կը զեկուցաներ, թե հարբուխի պատճառավ ատենաբանելն անհնար ըլլալով իրեն՝ բացակա պիտի գտնվեր։ Հինգերորդը ազգ կ՝ըներ, թե յուր բարեկամին տունը թուղթ խաղալու գնացած է և յուր բացակայությունն բանավոր կը գտներ, մեջ բերելով կանոնագրության այն տրամադրությունը, թե ճամբորդությունն բանավոր պատճառ մէ բացակայության։ Վեցերորդը ներումն կը խնդրեր հայտնելով, թե կնկանը հետ արդեն վիճաբանության բռնված ըլլալով՝ ժողովին վիճաբանություններուն չպիտի կրնա մասնակցիլ։ Յոթներորդը առարկելով, թե հարյուր կտոր կտավի վաճառումեն հարյուր փարա նվազ պիտի վաստկի եթե վաճառատունը չգտնվի՝ յուր բացակայությունն խիստ բանավոր