Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարոյական — Այս առիթեն կրնան օգուտ քաղել.

Ա. Այն կիներն, որ իրենց էրիկն մեռցնելու համար այլ և այլ միջոցներու կը դիմեն։

Բ. Այն երիտասարդները, որ հարուստ և ծեր հայր մունենալով անոր մահն փութացնելու համար հնարք կը փնտրեն։

Գ. Այն անոթի դասատուներն, որ հուսահատելով իրենք զիրենք պատվավոր կերպով անդիի աշխարհ նետել կուզեն։

Դ. Այն էրիկներն, որ իրենց կնիկեն փրկվելու համար անպատիվ միջոցներ կը գործածեն։

Ապրի այն բժիշկն, որ անկեղծ է։


ՇԱՀՆՈԻՐ ԵՎ ԾԻԾԱՂ

Ծիծաղ — Շահնուր, կը ներե՞ս, որ մեկն պարելու համար ոտք ելնե և Վիքթոր Հյուկոյին ոտանավորները կարդա բարձրաձայն։

Շահնուր — Ո՛չ։

Ծիծաղ — Կընդունի՞ս, որ ողբերգակի դիմակ կրող դերասանն կատակերգակի դիմակ կրողին դերը կատարե։

Շահնուր — Չեմ ընդունիր։

Ծիծաղ — Կը հավանի՞ս, որ մեկու մը շապիկ մը ապսպրելեն հետո այդ մեկը քեզի ճիյեր թավասի բերե շապիկի տեղ։

Շահնուր — Չեմ հավանիր։

Ծիծաղ — Կրնա՞ս համբերել, որ մեկը դամբանական խոսելու համար, բեմ ելնե և սիրահարության վրա ճառե։

Շահնուր — Չեմ կրնար համբերել։

Ծիծաղ — Թույլ կուտա՞ս, որ խոհարար մը, որուն կերակուր ապսպրած ես՝ քեզի բերելիք կերակուրն ինքն ուտե, կարծելով թե ինքն ուտելով դուն կշտացած կըլլաս։

Շահնուր — Անկարելի է։

Ծիծաղ — Չե՞ս բարկանար, երբ տեսնես, որ քու շահերդ պաշտպանելու կոչված մեկն՝ յուր շահերն միայն կը պաշտպանե։

Շահնուր — Կը բարկանամ, բայց երկար ըրիր...

Ծիծաղ — Բան մը չե՞ս ըսեր այն սափրիչին, որ մազերդ կտրելու տեղ գլուխդ կը կտրե։