Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շահնուր — Կըսեմ։

Ծիծաղ — Ի՜նչ կըսես այն դասատուին, որ աշխարհագրության կամ պատմության դաս տալու տեղ անդամազննության վրա կը խոսի։

Շահնուր — Ամեն բան կըսեմ... բայց ո՜րչափ հարցումներ...

Ծիծաղ — Կրնայի այս հարցումներս հազարի բարձրացնել, եթե գիտնայի, որ գլխու ցավ չպիտի պատճառեմ։

Շահնուր — Ի՜նչ ըսել կուզես այդ հարցումներովդ։

Ծիծաղ — Ըսել կ՛ուզեմ թե այդ հարցումներով հիշված դեպքերն ամեն օր տեղի կունենան։ Կաթնավաճառին կապրսպրեմ, որ ինձի կաթ բերե և անիկա կաթի տեղ ջուր կը բերե — ոսկեղեն դարու մեջ կաթին մեջ քիչ մը ջուր կը խառնեին, տասնևիններորդ դարու մեջ ջուրի մեջ քիչ մը կաթ կը խառնեն։ Ածխավաճառին ածուխ կապսպրեմ հինգ հարյուր օխա. կը բերե ածուխն՝ որմե կրնաս քարուկիր տուն մը շինել, այնքան քար կա մեջը։ Ծեծված խահվե կապսպրես, կը բերեն, կեփես, կը խմես և ահա որովայնիդ մեջ որոտումն կսկսի որովհետև խահվեին 99/100-ը լուբիա է։

Շահնուր — Զարմանալի բան։

Ծիծաղ — Անտանելի ըսե սըվոր։ Հարսնիքի մը մեջ հարսանյաց վերաբերյալ ատենաբանության մը ունկնդիր ըլլալ կուզես. ատենաբանը նախ կսկսի բացատրել, թե մայիս ամսուն մեջ ձիերը մարգագետնի վրա ամիսի մը չափ ճարակել տալն առողջարար է, և կը վերջացնե յուր ճառն հայտնելով, թե դասական հեղինակներն ալ իրենց արժեքն ունին, և թե նեղ կոշիկներն նասրը կը պատճառեն։

Շահնուր — Տեմ հավատար, Ծիծաղ, այս ըսածիդ։

Ծիծաղ — Բնական է, որ հեռու գտնվողներն չհավատան ասանկ տարօրինակ բաներու, որոնց մենք վարժված ենք ա՛լ։ Մեկը ծովն ինկած խեղդվելու վտանգին մեջ է, երկու սուզակ կը կանչվին, որ ազատեն խեղճը։ Ասոնք փոխանակ հանվելու ծովը նետվելու՝ կսկսին իրարու հետ վիճաբանիլ բողոքելու եղանակներուն և պայմանաժամերուն վրա։ Խեղճը կը խեղդվի, բողոքի խնդիրն դեռ վիճաբանության մեջ է։ Մեկու մը պաշտոն կը տրվի այսինչ գյուղին հոտն արածելու, հո—