Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիվն ինքը կարածե։ Ուրիշի մը պաշտոն կը հանձնվի հոտն պահպանելու, պահապանը քնանալու պաշտոն կը վարե միայն։ Կատակերգության մը ազգ կարդաս, թատրոն կերթաս, որ լսարանի վերածված է այն գիշեր. իմաստասիրական գիրքի մը դրամն կը վճարես և գետնախնձորի մշակություն անուն տետրակ մը կուտան ձեռքդ։ Ըսե՛, Շահնո՛ւր, ասոնց համբերել կարելի է։

Շահնուր — Համբերելն անհնար Է, մանավանդ, եթե դուն համբերեիր՝ նույնիսկ այդ համրած թերություններուդ մեջ պիտի գտնվեիր, վասնզի քու պաշտոնդ է զանոնք հարվածել քիչ մը ավելի կոկիկ և նվազ կծու լեզվավ։

Ծիծաղ — Ժողովրդյան հասկնալի ըլլալու համար պարզ կը գրեմ։ Չեմ ըսեր վարի անստուգություններ, վերի բաները, ինչպես կըսե Ղուկիանոս, այլ կըսեմ «Անդիի աշխարհի գործերը մութ են մեզի համար, աշխարհիս վրա եղած բաները». չեմ ըսեր Քարոնի նավակին ամեն օր հաճախորդներ պատրաստել, այլ կըսեմ, «Ամեն օր մարդ մեռցնել», չեմ ըսեր «Մեր մեջ Տեմոսթենները ուժեղ շնչափողներու մեջ կը փնտրվին». այլ կըսեմ «Շատ պոռացողին պերճախոս կսեն». այսպես վարվելու ստիպված եմ։ Կծվության գալով կը պատասխանեմ, թե կենդանիները շատ շողոքորթված են և շատ կծու լեզվի պետք ունին, որպեսզի կարենան իրենց բուն արժեքը ճանչնալ։

Շահնուր — Երբեմն ալ կը կարդամ առակներ, որ կրնային ընդլայնվիլ և. սակայն կարծես թե մեկեն ի մեկ կտրված են, որպես թե նույն պահուն խիստ ստիպողական գործ մունեցած ըլլաս։

Ծիծաղ — Իրավունք ունիս, շուտ կը ձանձրանամ, բանի մը երկար բարակ աշխատելե կը տաղտկանամ, միայն օգտակար ըլլալու սկզբունքով մյուս թերություններս ծածկել կը կարծեմ։

Շահնուր — Շատ պարզ ընելու մոլությամբ մի՛ ստորնացներ ոճդ։

Ծիծաղ — Այդ մասին աշխատած եմ միշտ։

Շահնուր — Շարունակե՛ ուրեմն առակներդ և ծաղկե այդ զեղծումներն, զոր քիչ մը առաջ համրեցիր. մնաք բարով։

Ծիծաղ — Այո՛, քանի որ զեղումներ հարվածելու պաշ-