Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տոն ունիմ, չեմ կրնար զանոնք շոյել, ինչպես կընեն անոնք, զորս լավ կը ճանչնաս։

Բարոյական — Պատվավոր մարդն պարտավոր է կամ յուր հանձն առած պաշտոնը կատարել, կամ պաշտոնե հրաժարիլ՝ առանց յուր խոստման հակառակ վարվելու։


ՇԻՆԾՈԻ ԱԿՌԱՆԵՐ

Ծիծաղ — Շինծու երեսներուն, կեղծ սիրտերուն հակակրություն հայտնողն բնականաբար չկրնար պաշտպանել շինծու ակռաները։ Ուստի ներեցեք ինձ, քանի որ առիթը ներկայացած է այս խնդրույն վրա քիչ մը խոսիլ։ Ատամնաբույժի մը ծանուցումը կարդացի։ Այս ծանուցումով պարոն ատամնաբույժն կը ծանուցանե, թե ակռաներու պակասությունն մեծապես կը դժվարացնե մարսողության գործն. թե բերնի մեջ այնպիսի հոտ մը հառաջ կը բերե, որ ուրիշի մը հետ գաղտնի խոսակցության արգելք կըլլա. թե բերնին գեղեցկությունն բոլորովին կը կորուսնե, թե անմարսողութենեն այնքան ծանր հիվանդություններ կը ծագին, որ մինչև գերեզման կը տանին։ Այս մանրամասն ծանոթությունները տալե հետո պարոն ատամնաբույժն կը ծանուցանե, թե յուր պատրաստած ակռաներն այդ տգեղություններուն առաջքն կառնուն, թե մարսողությունն կը դյուրացնեն, թե բերնի մեջ վարդի հոտ մը կը գոյացնեն, թե ամեն մարդ կը փափագի այս ակռաները կրողին բերնին մեջ մտնել, թե բերնին նոր գեղեցկություն մը, նոր կոկիկություն մը կուտան։ Շինծու ակռաներուն հատկություններն հայտնելեն հետո, կսկսի զանոնք բաղդատել բնական ակռաներուն հետ։ «Բնական ակռաները, կըսե, շատ անգամ ծուռ կը բուսնին, մինչդեռ կեղծերն միշտ շիտակ կը տնկվին, բնականներն շատ անգամ կը ցավին և այլ և այլ ախտերու ծնունդ կուտան, մինչդեռ շինծուներն չգիտեն, թե ի՛նչ է ցավն. բնականները մաքրելն շատ անգամ դժվարություններ ունի, մինչդեռ անբնականներն ոևէ դժվարության տեղի չեն տար, լինտերը միշտ կը վնասվին բնական ակռաներե, մինչդեռ շինծուներեն մեծ օգուտ կը գտնեն».