Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս զուգակշռով կուզե իմացնել պարոն ատամնաբույժն, թե շինծու ակռաներն մեծ առավելություններ ունին բնականներուն վրա, և թե մեծ հիմարություն է բնական ակռաներով ուտել, քանի որ այսքան օգտակար և գեղեցիկ շինծու ակռաներ կան։ Այս ծանուցումին վրա, եղբայր Բարոյական, մեզի ուրիշ բան չէր մնար ընելու, եթե ոչ մեր ակռաները քաշել տալով շինծու ակռաներ դնել տալ, եթե ուզեինք պարոն ատամնաբույժին հաճելի ըլլալ... երբ կը տեսնեմ, որ կեղծն այսքան փառավոր կերպով կը հանձնարարվի կենդանիներուն՝ բնավ չեմ մեղադրեր այն կիներն, որ կը կարծեն թե կեղծ գեղեցկութիւնն բնական գեղեցկությունը կը գերազանցե։ Մենք կենդանիներս կը կարծենք, թե բնությունն ակռաներ տված է մեզ, որպեսզի անոնցմով ծամենք, աղանք մեր կերակուրն և ստամոքսի ղրկենք, մինչդեռ ճշմարտությունն այն է կիներու համար, թե բնությունն ակռաներ տված է մեզ որպեսզի զանոնք ուրիշներու ցույց տանք, անոնց մարգրիտի պես շարքին վրա ուրիշներու հիացումն գրավենք։ Կիներ կան, որ մելանաձուկ չեն ուտեր, վախնալով, որ իրենց ակռաները վայրկյան մը կորուսնելով իրենց սպիտակությունն այլ և այլ անհաճո զրույցներու պատճառ կուտան, ուստի այս տեսակ կիներն այս ծանուցումին վրա ինչո՞ւ իրենց ակռաները հանել չտան և շինծու ակռա չգործածեն։ Այս ծանուցման վրա ինչո՞ւ համար թուխ կիներն չճերմկնան, ինչո՞ւ ճերմակներն չկարմրնան, ինչո՞ւ ծերերն չպատանենան, ինչո՞ւ տկարները չգիրնան, ինչո՞ւ կարճերն չբարձրանան, ինչո՞ւ, քանի որ կեղծն բնականեն ավելի գեղեցիկ և օգտակար է։ Ըստ իս, այն կենդանին, որ ակռա չունի, կաթնակեր տղա մէ, կրնա կաթ. գինի խմել, երբեմն արարող և ալյուրեղեն ուտել և մեծ օրորոցի մեջ պառկիլ առանց պետք ունենալու շինծու ակռաներու։ Այս ակռաները շատ վնասակար են. շատ անգամ ատամնաբույժ մը իր շահուն համար ուղտի մը ակռան ոչխարի մը բերանը կը դնե, աղվեսի մը բերանը շան ակռա կը շարե, շան բերանը վագրի ակռա կը տնկե և իշու մը բերանը կատվի ակռա կը դնե, և որչափ անտեղություններ, տգեղություններ, հիվանդություններ և այլ վնասակար հետևանքներ հառաջ չեն գար այս հակաբնական ատամնադրութենե։ Կաղաչեմ, ըսե՛,